24/10/2018

 

Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ, / Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ (Հաֆեզ)
Բովանդակություն
Clock
Իսլամի Իմամներ

 

ԻՍԼԱՄԻ ԻՄԱՄՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Իսլամ դավանող մուսուլման ժողովուրդը մշտապես մեծն Մոհամմադ մարգարեի մահից հետո ունեցել և ունենալու է Աստծո կողմից նշանակված առաջնորդներ:

Մեծն Մոհամմադ մարգարեին ու նրա գերդաստանին վերագրված բազմաթիվ ավանդապատումներում (հադիսներում) ներկայացվում են մարգարեի գերդաստանի անդամների և նրանց թվի մասին անհրաժեշտ տեղեկություններ: Նշվում է, որ նրանք բոլորը ղորեյշ ցեղից են, և այդ գերդաստանի վերջին անդամներից է եղել շիաների 12-րդ իմամը` Մահդին:

Այդ ավանդապատումներում նշվում են նաև շիաների առաջին իմամ Ալիի ողջույն նրան իմամության առիթով մեծն մարգարեի կողմից արտահայտված հստակ տեսակետները, ինչպես նաև մեծն մարգարեի և իմամ Ալիի ողջույն նրան կողմից հնչեցված հստակ տեսակետները շիաների երկրորդ իմամի մասին: Այդ ավանդապատումներում նշվում են նաև հաջորդ սերնդի իմամների մասին հստակ արտահայտություններ:

Վերոհիշյալ հստակ արտահայտությունների պահանջից ելնելով, ստորև ներկայացնում ենք իսլամի 12 իմամներին.

Իսլամի Իմամներն են

1. Ալի էբն Աբու Թալեբ

2. Հասան էբն Ալի

3. Հոսեյն էբն Ալի

4. Ալի էբն Հուսեյն

5. Մոհամմադ էբն Ալի,

6. Ջա’ֆար էբեն Մոհամմադ

7. Մուսա էբն Ջա’ֆար

8. Ալի էբն Մուսա

9. Մոհամմադ էբն Ալի

10. Ալի էբն Մոհամմադ

11. Հասան էբն Ալի

12. Մահդի ողջույն նրան:

 

ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻԱԿԱՆ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԻՄԱՄՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

 

ԱՌԱՋԻՆ  ԻՄԱՄԸ

Մեծն Ամիր ալ մոմենին Ալին Աբու Թալեբ Շեյխ Բանի Հաշեմի որդին էր:

Ալիի  հայրը, մեծն Մոհամմադ մարգարեի  հորեղբայրը լինելուց բացի, մինչև իր կյանքի վերջը, նույնիսկ Մոհամմադ մարգարեի առաքելություն ստանալուց հետո, հանդիսացել է Մոհամմադ մարգարեի խնամակալը, նրան հովանավորել ու հեռու է պահել անհավատ արաբների և հատկապես ղորեյշ ցեղի փորձանքներից:

Ալին ծնվել է Մոհամմադ մարգարեի առաքելություն ստանալուց 10 տարի հետո:

 Վեց տարի անց, Մեքքայում ու նրա շրջակայքում տարածված սովի տարիներին, Մոհամմադ մարգարեի  ցանկությամբ, Ալին հայրենական տնից տեղափոխվել է իր մոտ և գտնվել է մարգարեի անմիջական խնամքի ու հովանու ներքո:

Մի քանի տարի անց, երբ առաջին անգամ Հարրա քարանձավում Մոհամմադ մարգարեն երկնային ներշնչանքով մարգարեի առաքելություն է ստացել և տանն այդ մասին պատմել, Ալին նրա հավատքին է հարել: Մի հավաքի ժամանակ, երբ Մոհամմադ մարգարեն  իր մոտիկ ազգականներին հրավիրում էր դեպի իր կրոնը, ասել է. ՙԱռաջինը, ով ձեզնից կընդունի իմ կրոնը, նա կդառնա իմ խալիֆան, կտակակատարն ու վեզիրը՚: Ներկաներից միայն Ալին  է տեղից վեր կացել և հայտարարել նրա հավատքն ընդունելու մասին: Այդ պահին Մոհամմադ մարգարեն ընդունել է Ալիի  հայտարարությունը և հաստատել է իր հայտարարած պայմանի մասին: Այսպիսով, Ալին  առաջինն է, որ ընդունել է իսլամը և առաջինն է, որ պաշտել է միայն միակ Աստծուն:

 Մինչև Մոհամմադ մարգարեի  գաղթը Մեքքայից դեպի Մադինա, Ալին   մշտապես եղել է Մոհամմադ մարգարեի  շքախմբում: Գաղթի երեկոյան էլ, երբ անհավատները շրջապատել էին մարգարեի տունը և ցանկանում էին կեսգիշերին ներխուժել նրա բնակարանը, և անկողնում նրան սպանել, Ալին մարգարեի փոխարեն քնել էր նրա անկողնում, իսկ մարգարեն տանից դուրս եկել, Մադինա էր մեկնել: Այնուհետև Ալինհամաձայն մարգարեի կտակի, մարդկանց վերադարձրել է նրանց ավանդները, իր մոր և մարգարեի դստեր և նրա երկու կանանց հետ ուղևորվել է դեպի Մադինա:

Ալին Մադինայում էլ մշտապես գտնվում էր Մոհամմադ մարգարեի  շքախմբում: Մարգարեն երբեք իրենից չի հեռացրել Ալիին: Ավելին, նրան ամուսնացրել է իր միակ սիրելի դստերª Ֆաթեմեի հետ: Մարգարեն, երբ իր զրուցակից-գործընկերների հետ եղբայրության դաշինք էր կնքում, Ալիին  որպես եղբայր է ներկայացրել:

Ալին, նույնպես ներկա է եղել բոլոր այն ճակատամարտերում, որոնց մասնակցել է մեծն մարգարեն, բացառությամբ Թաբուքի ճակատամարտի, որի ժամանակ մարգարեն նրան Մադինայում իրեն փոխարինողի պաշտոնում է կարգել: Մասնակցած բոլոր ճակատամարտերում պայքարել է մինչև վերջ, չի վախեցել ոչ մի հակառակորդից և երբեք չի հակադրվել Մոհամմադ մարգարեինՄի առիթով Մոհամմադ մարգարեն   ասել է. ՙԵրբեք արդարությունը չի բաժանվի Ալիից և Ալին` արդարությունից՚ :

Երբ վախճանվեց Մոհամմադ մարգարենԱլին  33 տարեկան էր: Չնայաց կատարյալ տիրապետում էր կրոնին, և մարգարեի գերազանց զրուցակից գործընկերներից էր, այնուամենայնիվ, պատճառաբանելով, որ նա երիտասարդ է և մասնակցել է արյունահեղ ճակատամարտերի, որ ժողովուրդը նրա նկատմամբ թշնամաբար է տրամադրված, նրան հեռացրել են խալիֆայությունից, մեկուսացվել և ամբողջապես կտրվել է հասարակական կյանքից, զբաղվել է բարեպաշտների կրթությամբ: Միայն Մոհամմադ մարգարեի մահից 25 տարի անց, Երրորդ խալիֆայի սպանությունից հետո, բարեպաշտ ժողովուրդը համախմբվելով, դաշինք է կնքել և նրան (Ալիին) ընտրել խալիֆ‎‎այի պաշտոնում:

Ալին,   որի իշխանությունը տևել է շուրջ չորս տարի ինն ամիս, գործել է Մոհամմադ մարգարեի  աշխատաոճով. խալիֆայության տարիներին, ի վնաս առանձին վաշխառուների, ձեռնամուխ է եղել բարեփոխումների, ինչի արդյունքում որոշ զրուցակից գործընկերներ, այդ թվում իր մայրըª Այեշեն, Թալհեն, Զոբեյրը և Մոավիան, Երրորդ խալիֆայի թափած արյան պատրվակով, հակադրվել են Ալիին, խռովություն են կազմակերպել:

 Ալինայդ խռովությունը զսպելու նպատակով, Բասրայի մոտակայքում պատերազմի է ելել Այեշեի, Թալհեի, Զոբեյրի դեմ: Այդ պատերազմը հայտնի է Ջամալի պատերազմ անունով: Նա Իրաքի ու Դամասկոսի սահմանում Սաֆեյնի պատերազմ անունով հայտնի մեկ այլ պատերազմի է ելել Մոավիայի դեմ, որը տևել է մեկուկես տարի: Նահրավանի պատերազմ անունով հայտնի մեկ այլ պատերազմում պայքարել է նաև խավարեջների դեմ:

Այսպիսով` խալիֆայության տարիներին Ալին մեծ ջանքեր է գործադրել ներքին խռովությունները ճնշելու ուղղությամբ:

Որոշ ժամանակ անց, հիջրայի 40 թվականի ռամազան ամսի 19-ի առավոտյան, Քուֆայի մզկիթում աղոթելիս, վիրավորվել է խավարեջների կողմից և նույն ամսի 21-ին նահատակվել:

Պատմության վկայությամբ և բարեկամների ու թշնամիների խոստումների համաձայն, Ամիր ալ մոմենին Ալին  եղել է բարի անձնավորություն և Մոհամմադ մարգարեի  դպրոցն անցած օրինակելի ու կատարյալ իսլամագետ:

Ալիի  հեղինակությանը նվիրված քննարկումները, շիաների, սուննիների  և այլ ուսումնասիրողների կողմից գրված գրքերը վկայում են այն մասին, որ պատմության ընթացքում ոչ մի գործիչ չի արժանացել այնպիսի ճակատագրի, ինչպես նա:

Գիտության ասպարեզում Մոհամմադ մարգարեի  յուրայիններից և իսլամական հոգևոր գործիչներից ամենախելացին եղել է Ալին: Նա առաջինն էր, որ գիտական ելույթներում բացել է ազատ հիմնավորման և ապացույցի դռները, աստվածային լուսավորության բնագավառում առաջարկել ու ներդրել է փիլիսոփայական քննարկումների ավանդույթը, խոսել է Ղուրանի ներքինի մասին: Իր լեզուն կատարելագործելու համար սերտել է արաբերենի քերականությունը. նա ամենազորեղ արաբն էր: Ճարտար հռետոր էր, քաջարի մարտիկ: Մոհամմադ մարգարեի օրոք և նրանից հետո մասնակցած բոլոր ճակատամարտերում մշտապես եղել է անվեհեր, ոչնչից չի վախեցել: Չնայած Օհադ, Հանին, Խեյբար և Խանդաղ ճակատամարտերի ընթացքում Մոհամմադ մարգարեի  յուրայինները և զորքը խուճապի են մատնվել, ցիրուցան եղել կամ փախուստի դիմել, նա երբեք չի նահանջել, երբեք չի պատահել, որ մարտի բռնված որևէ թշնամու ռազմիկ ողջ մնացած լինի: Մարտի դաշտում երբեք անզորին չի սպանել, երբեք չի հետապնդել փախուստի դիմած թշնամուն, երբեք չի դիմել գիշերային գրոհների ու թշնամուն անակնկալի չի բերել:

Հայտնի է, թե ինչպես Խեյբարի ճակատամարտի ժամանակ հարձակվելով բերդի վրա, նա, ձեռքը գցելով բերդի դարպասի օղակին, տեղահան է արել դարպասը և դեն գցել:

Նման հետաքրքիր դեպք է գրանցված նաև Մեքքայի գրավման օրվա հետ կապված, երբ Մոհամմադ մարգարեն  հրամայել է ոչնչացնել կուռքերը, Ալիին  հաջողվել է ոչնչացնել Մեքքայի ամենամեծ Հոբալի կուռքը, որը հսկայամարմին քարե արձան էր` ամրացված Քաաբայի վերջնամասումԱյդ հսկայամարմին քարե արձանը ոչնչացնելու համար նա ոտքը դրել է Մոհամմադ մարգարեի ուսին, բարձրացել է Քաաբայի վրա, տեղահան արել այն, ներքև շպրտել:

 Ալին  եզակի աստվածապաշտ ու արդարադատ էր: Երբ Մոհամմադ մարգարեին  գանգատվում էին Ալիի  ցուցաբերած խստությունների մասին, ասում էր. ՙՄի նախատեք Ալիին, քանզի նա Աստծո սիրահարն է՚:

Աբու Դարդա Սահաբին Մադինայի արմավենու այգիներից մեկում տեսել է, թե ինչպես Ալիի  դին չորացած փայտի պես ընկած է գետնին. տեղեկություն ստանալու համար գնացել է նրանց տուն, ցավակցել է Ալիի   կնոջը. Ալիի   կինը` մարգարեի դուստրը, ասել է. ՙԱլին չի մահացել, նա Աստծուն երկրպագելու երկյուղից ուշագնաց է եղել. դա հաճախ է նրա հետ պատահում՚:

 Ենթակաների հանդեպ բարություն, թշվառների հանդեպ սրտացավություն, ընչազուրկների ու աղքատների հանդեպ մեծահոգություն ցուցաբերելու առումով, Ալիին  նվիրված բազմաթիվ պատմություններ ու ավանդազրույցներ են հյուսվել: Այն, ինչ վաստակում էր, Աստծուն գոհության համար բաժանում էր թշվառներին ու ընչազուրկներին, իսկ ինքը ապրում էր հասարակ ու դժվարին պայմաններում: Սիրում էր գյուղատնտեսությամբ զբաղվել, փորում էր խորքային հորեր, ծառեր տնկում, խոպան հողեր մշակում: Այդ բոլորը նվիրում էր աղքատներին: Ալիի  կյանքի վերջին շրջանում կրոնական նպատակների համար նրա կտակները, որ հայտնի էին Սադաղաթէ Ալի (Ալիի նվիրաբերություն) անվամբ, կազմել են տարեկան 24 հազար ոսկե դինար

 

ԵՐԿՐՈՐԴ  ԻՄԱՄԸ

Իմամ Հասան Մոջթաբան և նրա եղբայր իմամ Հոսեյնը Ամիր ալ մոմենին Ալ-իի  և Մոհամմադ մարգարեի  դուստր Ֆաթեմեի   երկու որդիներն են:

Մոհամմադ մարգարեն  բազմիցս նշել է. ՙՀասանն ու Հոսեյնը իմ որդիներն են՚: Մարգարեի այս խոսքերց հետո, Ալին իր մյուս զավակներին ասում էր. ՙԴուք իմ զավակներն եք, իսկ Հասանն ու Հոսեյնը Աստծո մարգարեինն են՚ :

Իմամ Հասանը   ծնվել է հիջրայի 3 թվականին Մադինայում. ավելի քան յոթ տարի ապրել է պապի կենդանության օրոք, վայելել է նրա գուրգուրանքը: Մոհամմադ մարգարեի  մահից երեք կամ վեց ամիս հետո, նաև Ֆաթեմեի մահից հետո, վերադարձել է մեծապատիվ հարազատ հոր մոտ, վայելել նրա խնամակալության բերկրանքը:

Իմամ Հասանըմեծապատիվ հոր մահից հետո, Աստծո հրամանով և հոր կտակի համաձայն ճանաչվել է որպես իմամ: Զբաղեցրել է նաև ձևական խալիֆայի պաշտոնը. շուրջ վեց ամիս կառավարել է մուսուլմաններին: Նշված ժամանակաընթացքում Ալիի   և նրա գերդաստանի ոխերիմ թշնամի Մոավիան, ով տարիներ շարունակ խալիֆայի պաշտոնը զբաղեցնելու համար պատերազմի էր ելել Ալիի   դեմ, Երրորդ  խալիֆայի արյան վրեժն առնելու և խալիֆայի պաշտոնը զբաղեցնելու պատրվակով, կրկին արշավել է դեպի Իրաք, որտեղ գտնվում էր իմամ Հասանի  նստավայրը, և պատերազմ սկսել: Այդ ճակատամարտի ընթացքում Մոավիային հաջողվել է սուտ խոստումներ տալով ու կաշառելով, աստիճանաբար գայթակղել իմամ Հասանի  բանակի զորավարներին և ռազմիկներին ու նրա դեմ ոտքի հանել:

Ի վերջո, իմամ Հասանըպարտադրված խաղաղության դաշինք կնքելուց հետո, ձևական խալիֆայությունը զիջել է Մոավիային, այն պայմանով, որ վերջինիս մահից հետո, խալիֆայության ղեկը կրկին կվերադարձվի իմամ Հասանին:

Եվ այսպես, Մոավիան, գրավելով իսլամական խալիֆայությունը, մուտք է գործել Իրաք: Այստեղ իր պաշտոնական ելույթներից մեկի ժամանակ չեղարկված է հայտարարել հիշյալ խաղաղության դաշինքի պայմանները: Նա, օգտագործելով բոլոր միջոցները, մեծ ճնշումներ է գործադրել Մոհամմադ մարգարեի գերդաստանի անդամների ու շիաների հանդեպ, նրանց ենթարկել է խոշտանգումների:

Իմամ Հասանը  իմամության ամբողջ ընթացքում, որը տևել է 10 տարիապրել է չափազանց ճնշված, նույնիսկ իր տանը չի ունեցել անվտանգ ապրելու ոչ մի երաշխիք: Ի վերջո, 50 տարեկան հասակում, Մոավիայի հրահրանքով, իր կնոջ ձեռքով թունավորվել և զոհվել է:

 Իմամ Հասանը  մարդկային հատկություններով նման էր հորն ու մեծապատիվ պապին: Քանի դեռ Մոհամմադ մարգարեն ողջ էր, Հասան ու Հոսեյն եղբայրները մարգարեի ուշադրության կենտրոնում են գտնվել: Մարգարեն, Հասան ու Հոսեյն եղբայրներին փոքրիկ հասակում հաճախ իր ուսերին էր նստեցնում, խաղում ու սիրում նրանց:

Ռամիկ և ազնվական բարեպաշտների կողմից գրի առված ավանդապատումներում հանդիպում ենք Մոհամմադ մարգարեի   հետևյալ խոսքերինª հասցեագրված Հասան ու Հոսեյն եղբայրներին. ՙԻմ այս երկու զավակները, ուզեն թե չուզեն, իմամներ են դառնալու՚ :

Մոհամմադ մարգարեին և Ամիր ալ մոմենին Ալիին վերագրված բազմաթիվ ավանդապատումներում նշվում են Հասանի մեծապատիվ հոր մահից հետո, նրաª իմամության աստիճանի հասնելու մասին:

 

 ԵՐՐՈՐԴ ԻՄԱՄԸ

Իմամ Հոսեյնը (Սեյյեդ ոլ շոհադա)ª Ալիի  և Մոհամմադ մարգարեի  դուստր Ֆաթեմեի  երկրորդ զավակը, ծնվել է հիջրայի 4 թվականին: Նա, իր մեծապատիվ եղբոր` իմամ Հասան Մոջթաբայի  մահից հետո, Աստծո հրամանով և նրա կտակի համաձայն ճանաչվել է որպես իմամ:

 Իմամ Հոսեյնը  10 տարի զբաղեցրել է իմամի պաշտոնը, բացառությամբ վերջին վեց ամիսների, երբ գտնվում էր Մոավիայի խալիֆայության ենթակայության ներքո: Այդ ժամանակաընթացքում ապրել է չափազանց ծանր և ճնշված պայմաններում, որովհետև մի կողմից կրոնական ավանդույթներն ու օրենքները կորցրել էին իրենց ուժը և Աստծո ու Նրա առաքյալի ցանկությունները փոխարինվել էին իշխանության ցանկություններով, մյուս կողմից էլ Մոավիան, բացի այն, որ ամեն առիթով ձգտում էր ոչնչացնել Մոհամմադ մարգարեի  գերդաստանի անդամներին ու շիաներին, միաժամանակ միջոցներ էր ձեռնարկում նպաստելու իր որդի Յազիդիª խալիֆայության հասնելու ցանկությանը: Քաղաքացիների առանձին շրջաններում դժգոհություն էր առաջացել Յազիդի կողմից կիրառվող սանձարձակությունների ու անօրինականությունների հանդեպ: Մոավիան այդ դժգոհությունները կանխելու համար ավելի խիստ միջոցներ էր ձեռնարկում:

  Իմամ Հոսեյնը  ապրելով այդպիսի ծանր պայմաններում, կամա թե ակամա, հանդուրժել է Մոավիայի ու նրա վարչակարգի կողմից կիրառվող հոգեկան ճնշումներն ու տանջանքները մինչև հիջրայի 60 թվականը, երբ մահացել է Մոավիան և նրան փոխարինել է Յազիդը:

Հավատարիմ հպատակության երդումը (Բեյաթը) արաբների ավանդույթներից է, որ իրագործվում էր երկրի կարևոր գործերի կամ իրադարձությունների ժամանակ: Այդ երդման խախտելը համարվում էր անպատվություն ու խայտառակություն: Համաձայն Մոհամմադ մարգարեի   գործելաոճիայդ երդումը ընդունելի էր համարվում, եթե այն տեղի էր ունենում կամովի և ոչ պարտադրաբար:

Մոավիայի կրթված համացեղակիցները տվել էին Յազիդին հավատարիմ մնալու մասին իրենց երդումը: Իմամ Հոսեյնը  չէր հրավիրվել երդման արարողությանը: Այդ առիթով Մոավիան Յազիդին կտակել  էր, որ եթե իմամ Հոսեյնը  հավատարիմ հպատակության երդում չտա, նրան հետամուտ չլինի, որովհետև հստակ պատկերացնում էր, թե նման հետապնդումը ինչի կարող էր հանգեցնել:

Սակայն ինքնահավան Յազիդը, մոռանալով հոր հորդորը, հոր մահից անմիջապես հետո Մադինայի կառավարչին կարգադրել է, որ իմամ Հոսեյնից  իրեն հավատարիմ հպատակության երդում պահանջի, այլապես նրա գլուխը կհատի և Դամասկոս կուղարկի:

Մադինայի կառավարիչը, երբ իմամ Հոսեյնին  ներկայացրել է Յազիդի պահանջը, իմամ Հոսեյնը այդ պահանջի պատասխանը հայտնելու համար ժամանակ է պահանջել և երեկոյան իր գերդաստանի անդամների ուղեկցությամբ մեկնել է Մեքքա և ապաստան գտել Աստծո ուխտատեղիում, որը պաշտոնապես ապահով վայր էր համարվում: Այս իրադարձությունը տեղի է ունեցել հիջրայի 60 թվականի ռաջաբ ամսի վերջին օրերին կամ շաբան ամսի առաջին օրերին: Իմամ Հուսեյնը  շուրջ չորս ամիս Մեքքայում է ապաստանել: Այդ լուրը աստիճանաբար տարածվել է իսլամական աշխարհում. Մոավիայի իշխանության անարդարություններից դժգոհ և Յազիդի խալիֆայությունից վրդովված մարդիկ ցավակցություն էին հայտնում իմամ Հոսեյնին: Բարեպաշտ մուսուլմանները Քուֆայից բազմաթիվ նամակներ էին ուղարկում Մեքքաª խնդրելով, որ իմամ Հոսեյնը  մեկնի Իրաք, ստանձնի ժողովրդի առաջնորդությունը և տիրող անարդարությունների ու կեղեքումների դեմ ապստամբություն կազմակերպի:

 Իմամ Հոսեյնը  Մեքքայում մնացել է մինչև աշխարհի համայն մուսուլմանների հաջջ կոչվող համընդհանուր ուխտագնացության արարողության սկսելը: Մեքքա էին ժամանում տարբեր երկրներից ուխտագնացներ: Իմամ Հոսեյնը  տեղեկացել է այն մասին, որ ուխտագնացության մասնակից Յազիդի գործակալները պատրաստվում էին ուխտագնացության հանդիսավոր արարողության ժամանակ իրեն սպանել:

 Իմամ Հոսեյնը,   Մեքքայից մեկնելու որոշում կայացնելուց հետո, ոտքի վրա կատարած կարճ ելույթում, հայտարարել է Իրաք մեկնելու իր որոշման, ինչպես նաև իր նահատակման մասին լուրը և բարեպաշտ մուսուլմաններից օգնություն խնդրել ու հաջորդ օրը իր գերդաստանի ու յուրայինների հետ մեկնել է Իրաք:

 Իմամ Հոսեյնը  հավատարիմ հպատակության երդում չտալու առումով սկզբունքային որոշում է կայացրել: Նա քաջ գիտակցում էր, որ Բանի Օմայյե վարչակարգի բանակը իրեն սպանելու է:

Մի խումբ հայտնի գործիչներ փորձել են նրան ետ պահել հավատարիմ հպատակության երդում չտալու առումով որոշումից, սակայն իմամ Հոսեյնը  ասել է. ՙԵրդում չեմ տալու. համոզված եմ, որ ուր էլ գնամ, որտեղ էլ գտնվեմ, միևնույն է, ինձ սպանելու են: Մեքքայից մեկնում եմ Աստծո տան պատիվը բարձր պահելու համար, որպեսզի իմ արյամբ չապականվի այդ վայրը՚ :

 Քուֆայի ճանապարհին իմամ Հոսեյնը  տեղեկացել է, որ, Յազիդի կարգադրությամբ, Քուֆայի կառավարիչի գործակալները իմամի ներկայացուցչին և իմամին նվիրված հայտնի գործիչներից մեկին սպանել են և նրանց մարմինները պարանով կապել ու քարշ տալով ման են տվել Քուֆայի շուկայում ու փողոցներում: Իմամը տեղեկանալով, որ քաղաքն ու նրա շրջակայքը շրջափակել ու խիստ հսկողության տակ են պահում և մեծաքանակ զորքով սպասում են իրեն, համոզվել է, որ սպանվելուց բացի այլ ելք չունի, իր ուղեկիցներին հայտնել է այդ մասին և շարունակել ճանապարհը:

Քուֆայից 70 կմ հեռավորության վրա գտնվող Քարբալայի անապատում իմամն ու նրա ուղեկիցները հայտնվել են Յազիդի ութօրյա շրջապատման մեջ: Հակառակորդի շրջապատման օղակը օրեցօր նեղանում էր, ռազմիկների թիվը ավելանում: Ի վերջո, իմամն ու նրա փոքրաթիվ ուղեկիցները հայտնվել են 30 հազարանոց զորքի շրջապատման օղակում:

Այդ օրերի ընթացքում իմամն իր դիրքը ամրապնդելու նպատակով հավաքել է յուրայիններին և հայտարարել. ՙՄեզ մեռնելուց ու նահատակվելուց բացի ուրիշ բան չի սպասվում, և սրանք ինձնից բացի ուրիշի հետ գործ չունեն, ուստի ետ եմ վերցնում ձեզ տված հավատարմության երդումս. կարող եք, օգտվելով գիշերվա մթությունից, փրկվել այս անելանելի վիճակից՚:

Անուհետև կարգադրել է ճրագները մարեն: Ուղեկիցներից շատերը, որոնք շահադիտական նպատակներով էին նրան ուղեկցում, լքել են նրան ու հեռացել: Իմամի մոտ մնացել էին Բանի Հաշեմ գերդաստանի անդամներից մի քանիսը և արդարության կողմնակից 40 հավատացյալներ:

Իմամ Հոսեյնըիր մոտ հրավիրելով իրեն հավատարիմ մնացածներին, նրանց փորձելու նպատակով` ասել է. ՙԱյս թշնամիները միայն ինձ հետ գործ ունեն, ձեզնից յուրաքանչյուրը կարող է օգտվել գիշերային մթությունից, փրկել իր կյանքը՚: Իմամի հավատարիմ այդ  յուրայիններն ասել են, որ ետ չեն կանգնելու արդարության հասնելու իրենց պայքարից, որը ղեկավարում էր ինքըª իմամը. չեն լքելու նրա նման ազնիվ առաջնորդին և քանի դեռ ողջ են և ձեռքներին ունեն թուր, պաշտպանելու են նրա հարազատներին:

Մուհառռամ ամսի 9-ին թշնամու կողմից իմամին առաջարկություն է արվել, որ նա կամ հավատարմության երդումն ընդունի կամ պատերազի դուրս գա: Իմամը պատասխանելու համար ժամկետ է պահանջել և հաջորդ օրը պատերազմի ելնելու վճռական որոշում է կայացրել:

Հիջրայի 61 թվականի մուհառռամ ամսի 10-ին իմամը իր փոքրաթիվ (90 հոգուց ավելի քիչ) զորքով ելել է թշնամու հզոր բանակի դեմ. ճակատամարտը սկսվել է: Իմամի բանակում ներգրավված էին 40 յուրայիններ, թշնամու բանակից փախուստի դիմած 30-ից ավելի ռազմիկներ և Հաշեմիների գերդաստանի անդամներ, որոնց թվում էին նաև իմամի զավակները, եղբայրները, եղբոր, քրոջ ու հորեղբոր որդիները:

Վաղ առավոտվանից սկսած այդ պատերազմում, իմամի  հետ միասին նահատակվել են Հաշեմի գերդաստանի երիտասարդներն ու իմամի յուրայինները: Նահատակների թվում էին նաև իմամ Հասանի  մանկահասակ երկու որդիներն ու իմամ Հոսեյնի  մեկ մանկահասակ ու մեկ կրծքի երեխաները:

Պատերազմի ավարտին թշնամու զորքը թալանել է իմամի հարեմը, այրել է նրանց վրանները, զոհվածներին գլխատել, մերկացրել ու առանց թաղելու, թողել է բաց երկնքի տակ: Նահատակվածների գլուխները, անպաշտպան կանանց ու աղջիկների ուղեկցությամբ, ուղարկել են Քուֆա: Շատ չեն եղել իգական սեռի գերիները. նրանց թվում են եղել իմամ Հոսեյնի  22-ամյա, ծանր հիվանդությամբ տառապող որդին (Չորրորդ իմամը), չորս տարեկան մյուս որդին` Մոհամմադ բեն Ալին (Հինգերորդ իմամը) և երկրորդ իմամի որդի Հասան Մոսանան (իմամ Հոսեյնի փեսան), որին վիրավորված վիճակում գտել են նահատակների դիերի մեջ, ում չէին գլխատել թշնամու զորավարներից մեկի բարեխոսության շնորհիվ: Վերոհիշյալ գերիներին Քուֆայից տեղափոխել են Դամասկոս` Յազիդի մոտ:

Քարբալայի իրադարձությունը, կանանց ու աղջիկների գերեվարելը և նրանց քաղաքից քաղաք ման տալը, ինչպես նաև գերիների մեջ գտնված ժամանակ Ամիր ալ մոմենինի դստեր ու չորրորդ իմամի ելույթները Քուֆայում ու Դամասկոսում` վարկաբեկել են Բանի Օմայյե իշխանությանն ու անիմաստ դարձրել Մոավիայի բազմամյա քարոզչությունը: Յազիդին չէին գոհացնում իր գործակալների գործողությունները: Այլ կերպ ասած, Քարբալայում տեղի ունեցածը հանգեցրել է Բանի Օմայյեի իշխանության անկմանն ու շիաների դիրքերի ավելի ամրապնդմանը: Արդյունքում` տեղի են ունեցել ապստամբություններ, հեղափոխություններ և 12-ամյա արյունահեղ պատերազմներ, որոնց ընթացքում պատժվել են իմամի սպանության մասնակից բոլոր հանցագործները:

Իմամ Հոսեյնի  և Յազիդի կյանքն ու նրանց ապրած ժամանակաշրջանի պատմությունն ուշադիր ուսումնասիրելուց պարզվում է, որ իրոք իմամ Հոսեյնին զոհվելուց բացի այլ բան չէր սպասվում, իսկ Յազիդին հավատարմության երդում տալը կհանգեցներ իսլամի ոտնահարմանը, որը անընդունելի էր իմամի համար:

Յազիդը, որ իսլամի օրենքների հանդեպ հարգալից վերաբերմունք չէր ցուցաբերում, անվեհերաբար ոտնահարում էր իսլամական սրբություններն ու օրենքները: Եթե նրա նախնիները կրոնական կանոնների հանդեպ հակառակ տեսակետներ էին ունենում, դրանք բխում էին կրոնի էությունից: Նրանք հարգում էին կրոնը և Մոհամմադ մարգարեի  և հոգևոր այլ առաջնորդների հետ միասին պարծենում էին այդ կրոնով, որին հավատում էր ժողովուրդը:

Իրադարձությունների ականատես որոշ մեկնաբանների կարծիքով, այդ երկու առաջնորդներն (իմամ Հասան  ու իմամ Հոսեյն  եղբայրներ) ունեցել են տարբեր նկարագրեր. ըստ տարածված այդ տեսակետի, իբր իմամ Հասանը  եղել է խաղաղության կողմնակից, իսկ իմամ Հոսեյնըպատերազմի: Տեղին է ասել, որ եղբայրներից Հասանն ունենալով 40 հազարանոց բանակ, խաղաղության դաշինք է կնքել Մոավիայի հետ, իսկ Հոսեյնը` 40 հոգուց բաղկացած բանակով պատերազմի է ելել Յազիդի դեմ:

Քանզի տեսնում ենք, որ իմամ Հոսեյնըոր Յազիդին հավատարմության երդում տալ չի ցանկացել, իր եղբոր` իմամ Հասանի  նման 10 տարի ապրել է Մոավիայի իշխանության ներքո, երբեք չի հակադրվել իշխող Մոավիային, և, հիրավի, եթե իմամ Հասանը   կամ իմամ Հոսեյնը  պատերազմի ելնեին Մոավիայի բանակի դեմ, կսպանվեին. դա, իհարկե, ինչպես իսլամին չէր բերի ոչ մի օգուտ, այնպես էլ չէր ունենա ոչ մի ազդեցություն Մոավիայի քաղաքականության վրա (Մոավիան իրեն ներկայացնում էր որպես Մոհամմադ մարգարեի  զրուցակից, ներշնչանքի գրագիր, Ամիր ալ մոմենին Ալիի   մորեղբայր, մի խոսքով, նա դիմում էր ամեն տեսակի սադրանքների):

Ավելին, լինելով մեքենայությունների կազմակերպման մեծ վարպետ, կարողանում էր իր հավատարիմ մարդկանց միջոցով սպանել հենց այդ հավատարիմներին, մասնակցել դրանց սգո արարողություններին, արյան գին պահանջել, այնպես, ինչպես դա նրան հաջողվել է կատարել Երրորդ խալիֆայի պարագայում:

 

 ՉՈՐՐՈՐԴ  ԻՄԱՄԸ

Իմամ Սաջջադը  (ով հայտնի է նաև Զեյն ոլ աբեդին և Սաջջադ անուններով), իմամ Հոսեյնի  ու Պարսկաստանի Յազդջորդ թագավորի դուստր Շահզանայի որդին էր: Նա իմամ Հուսեյնի   կենդանի մնացած միակ որդին էր: Իմամի մյուս երեք որդիները նահատակվել են Քարբալայի ճակատամարտում: Իմամ Սաջջադը  նույնպես ներկա է եղել Քարբալայի ճակատամարտին, սակայն ծանր հիվանդության պատճառով չի կարողացել զենք կրել ու մասնակցել ռազմական գործողություններին, ինչի շնորհիվ փրկվել է և հարեմի գերիների հետ միասին ուղարկվել է Սիրիա:

Գերության շրջանն ավարտելուց հետո, Յազիդի հրամանով, հասարակության շրջանում սփոփանքի զգացում առաջացնելու նպատակով, նրան ուղարկել են Մադինա, որտեղ Բանի Օմայյե Աբդուլմալեք խալիֆայի կարգադրությամբ երկրորդ անգամ է ձերբակալվել, և կրկին Դամասկոսայնուհետև Մադինա են ուղարկել:

Իմամ ՍաջջադըՄադինայից վերադառնալուց հետո, վարել է մենակյաց կյանք, տան դուռը չի բացել անծանոթների առջև, իր ամբողջ ժամանակը տրամադրել է Բարձրյալ Աստծուն երկրպագելուն: Համզե Սոմալիից, Աբու Խալեդ Քաբոլիից ու շիա անվանի այլ գործիչներից բացի, նա չի շփվել այլոց հետ: Հիշյալ անվանի հոգևոր գործիչները իմամ Սաջջադից  ստացած նյութերը տարածում էին շիա բարեպաշտների շրջանում, ինչի շնորհիվ շիան զգալի զարգացում է ապրել, որը շոշափելի է  դարձել, հատկապես, հինգերորդ իմամի իշխանության տարիներին:

Չորրորդ իմամի հայտնի ստեղծագործությունների թվին է դասվում աստվածային լուսավորության ամենաճշգրիտ 57 աղոթքներ պարունակող աղոթքների մատյանը (Ադիե-յէ սահիֆե), որը հայտնի է նաև Մոհամմադի գերդաստանի սաղմոսներ (Զաբուրէ ալէ Մոհամմադ) անունով:

Համաձայն շիաների որոշ ավանդապատումների` չորրորդ իմամը, 35 տարի իմամությունից հետո, Բանի Օմայյե Հոշամ խալիֆայի հրահրմամբ, թունավորվել է Վալիդ բեն Աբդուլմալեքի ձեռքով և մահկանացուն կնքել հիջրայի 95 թվականին:

 

 ՀԻՆԳԵՐՈՐԴ  ԻՄԱՄԸ

Չորրորդ իմամի որդի իմամ Մոհամմադ բեն Ալին  (Բաղերը) ծնվել է հիջրայի 57 թվականին: Բաղեր բառը նշանակում է ճեղքող: Այդ տիտղոսը նրան տվել է Մոհամմադ մարգարեն:

Չորս տարեկանում ծնողների հետ ներկա է եղել Քարբալայի պատերազմում: Հոր մահից հետո, Աստծո հրամանով և նախնիների կենդանության օրոք նրան տված գնահատականների շնորհիվ, նա հասել է իմամության աստիճանի: Համաձայն շիա բարեպաշտների ավանդապատումների, հիջրայի 114 թ. կամ 117 թ. Օմայյան Հոշամ խալիֆայի եղբոր որդի Իբրահիմ բեն Վալիդ բեն Աբդուլմալեքի ձեռքով թունավորվել և մահացել է:

Հինգերորդ իմամի օրոք, Օմայյան խալիֆաների կողմից կիրառվող դաժանությունների շնորհիվ, իսլամական աշխարհի ցանկացած կետում տեղի են ունեցել հեղափոխություններ ու պատերազմներ, տարաձայնություններ են ծագել նաև Բանի Օմայյան խալիֆայության ներսում:

Քարբալայի ողբերգական իրադարձությունները և Մոհամմադ մարգարեի  գերդաստանի անդամների անմեղությունը (որի վառ օրինակն է չորրորդ իմամի պահվածքը այդ իրադարձությունների ընթացքում), խթանել են բազմաթիվ մուսուլմանների հոսքը դեպի շիա: Մարդիկ խումբ-խումբ մեկնում էին Մադինա, ներկայանում հինգերորդ իմամին, ինչի շնորհիվ իմամի համար ստեղծվել էին բարենպաստ պայմաններ մարգարեի գերդաստանի և յուրայինների իսլամական լուսավորության և ճշմարտությունների տարածման առումով:

Պետք է նշել, որ գործունեության նման հնարավորություններ չի ունեցել նախորդ իմամներից ոչ մեկը, ինչի մասին վկայում են հինգերորդ իմամին վերագրված ու մեզ ավանդված մեծաքանակ ավանդապատումները: Տեղին է նշել, որ իսլամական գիտության տարբեր ասպարեզներում համբավ ձեռք բերած բազմաթիվ շիա գիտնականներ, որոնց անունները գրանցված  են պատմության մեջ, անցել են հինգերորդ իմամի դպրոցը:

 

 ՎԵՑԵՐՈՐԴ  ԻՄԱՄԸ

Հինգերորդ իմամի որդի իմամ Ջաֆար բեն Մոհամմադը (Սադեղը)   ծնվել է հիջրայի 83 թվականին: Համաձայն շիա բարեպաշտների ավանդապատումների, հիջրայի 148 թվականին, Աբբասյան Մանսուր խալիֆայի կարգադրությամբ, թունավորվել և նահատակվել է:

Վեցերորդ իմամի իշխանության օրոք իսլամական երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները, Օմայյեների խալիֆայության տապալման համար կազմակերպված ապստամբությունը, ինչպես նաև տեղի ունեցած արյունահեղ պատերազմները հանգեցրել էին խալիֆայության անկմանն ու Օմայյան իշխանության տապալմանը: Հինգերորդ իմամի ջանքերով նրա իշխանության 20 տարիների ընթացքում ստեղծվել էին մի շարք բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ մարգարեի գերդաստանի և յուրայինների իսլամական լուսավորության և ճշմարտությունների գաղափարների տարածումը վեցերորդ իմամի համար դարձել էր ավելի դյուրին, և վերջինիս համար ստեղծվել էին ավելի բարենպաստ պայմաններª զբաղվելու կրոնական կրթության խնդիրներով:

Իմամ Ջաֆար բեն Մոհամմադը (Սադեղը),   իր իմամության մինչև վերջին շրջանը, որ համընկել է Օմայյեների խալիֆայության անկման և Աբբասյանների խալիֆայության սկզբնավորման հետ, մշտապես զբաղվել է կրոնական կրթության հարցերով: Նրան հաջողվել է դաստիարակել տրամաբանական և հասարակական գիտությունների բնագավառների բազմաթիվ գիտական կադրեր, որոնց շարքին են դասվել Զորառեն (Զորառիյե աղանդի հիմնադիրը, հիջրայի 150 թ. - Վ.Խ.Փ.), Մոհամմադ իբն Մուսլեմը, Մոմենթաղը, Հոշամ բեն Հոքամը, Աբան բեն Թաղլեբը, Հոշամ բեն Սալեմը, Հարիզը, Հոշամ Քալբի Նասաբեն, Ջաբեր բեն Հայան Սուֆի Շիմիային և այլք, հասարակական գիտությունների բնագավառում Սոֆիյան Սուրին, Հանիֆա աղանդի առաջնորդ Աբու Հանիֆան, Ղազի Սոքունին, Ղազի Աբոլբախթարին և այլք: Հայտնի է, որ վեցերորդ իմամին աշակերտել են չորս հազար գիտնականներ ու գյուտարարներ:

Հինգերորդ և վեցերորդ իմամներից ավանդված ավանդապատումների թիվը գերազանցում է Մոհամմադ մարգարեի   և մյուս 10 իմամներից մեզ ավանդված ավանդապատումների ընդհանուր թվին:

Վեցերորդ իմամը իմամության վերջին շրջանում ենթարկվել է Աբբասյան խալիֆա Մանսուրին, գտնվել է վերջինիս վարչակարգի խիստ հսկողության ներքո: Մանսուր խալիֆայի օրոք տիրում էր ավելի անարդար քաղաքականություն, քան այն տիրել է Օմայյեների տիրապետության տարիներին: Մանսուր խալիֆայի հրամանով իմամ Ալիի կողմնակից սեյյեդները ենթարկվել են խոշտանգումների, սպանվել են նրանցից շատերը: Բանտախցերում իմամ Ալիի  կողմնակից բազմաթիվ սեյյեդներ խոշտանգումների ենթարկվելով, դիմել են ինքնասպանության: Նրանցից շատերին թաղել են ողջ-ողջ, շատերին գլխատել, ոմանց էլ տեղադրել են կառուցվող շինությունների հիմքերում ու պատերի մեջ:

Մանսուր խալիֆայի հրամանով, վեցերորդ իմամը (իմամ Ջաֆարը) Մադինայից բերման է ենթարկվել (վեցերորդ իմամը նախկինում մեկ անգամ Աբբասյան Սաֆահ խալիֆայի հրամանով բերման էր ենթարկվել Իրաք, մեկ անգամ էլ հինգերորդ իմամի ներկայությամբ, Օմավիների խալիֆա Հոշամի հրամանով, բերման էր ենթարկվել Դամասկոս):

Իմամ Ջաֆարին որոշ ժամանակ պահել են հսկողության ներքո. մի քանի անգամ նրա դեմ կազմակերպել են մահափորձ, նրան մեղադրել են տարբեր առիթներով: Եվ միայն որոշ ժամանակ անց նրան թույլատրել են վերադառնալ Մադինա: Մադինայում կյանքի մնացած տարիները անց է կացրել մենակյացության մեջ, բարեպաշտներին չի ներկայացրել իր գաղափարներն ու համոզմունքները: Թունավորվել և նահատակվել է Մանսուրի կողմից հյուսված դավադրության շնորհիվ:

Մանսուր խալիֆան, վեցերորդ իմամի նահատակման լուրը լսելուց հետո, Մադինայի կառավարչին գրավոր կարգադրել է, որ նա, իմամի հարազատներին ուշադրություն ու սիրալիրություն ցուցաբերելու պատրվակով, իմամի տուն գնա, պահանջի իմամի  կտակը, կարդա այն ու տեղնուտեղը գլխատի վեցերորդ իմամի կողմից նախատեսված նոր իմամի թեկնածուին:

Մանսուր խալիֆան այս հրահանգով ցանկացել է իսպառ վերացնել իմամությունն ու վերջ տալ շիաների մրմունջին: Սակայն հակառակ խալիֆայի ցանկությանը, երբ Մադինայի կառավարիչը ծանոթացել է իմամի կտակի բովանդակությանը, տեսել է, որ կտակում նշված են խալիֆայի, Մադինայի կառավարիչի, վեցերորդ իմամի ավագ որդի Աբդուլլահ Աֆթայի, կրտսեր որդի Մուսայի և Համիդեի անունները որպես հաջորդ իմամի թեկնածուներ: Այսպիսով` հօդս է ցնդել խալիֆայի երազանքը:

 

 

ՅՈԹԵՐՈՐԴ  ԻՄԱՄԸ

Շիաների յոթերորդ իմամ Մուսա բեն Ջաֆարը (Քազեմը) ծնվել է հիջրայի 128 թվականին և 183 թվականին բանտում թունավորվել ու նահատակվել է:

Նա եղել է Աբբասյան Մանսուր, Հադի, Մահդի և Հարուն խալիֆաների ժամանակակիցը: Ապրել է դժվարին ժամանակաշրջան: Պատմությունից հայտնի է, որ Հարուն խալիֆան Մադինա կատարած ուխտագնացության ժամանակ հրամայել է, որ Մուսային, որ մարգարեի մզկիթում աղոթք էր բարձրացնում առ Աստված, շղթայեն ու բանտարկեն: Այնուհետև նրան Մադինայից տեղափոխել են Բասրա, այդտեղից էլ Բաղդադ  են ուղարկել: Երկար տարիներ նրան մի բանտից մյուս բանտ են տեղափոխել: Ի վերջո, Բաղդադում գտնվող Սանդի իբն Շահաքի բանտում նրան թունավորել են, ինչի արդյունքում նահատակվել  ու հողին է հանձնվել այժմյան Քազեմիյե քաղաքի ղորեյշ ցեղին պատկանող գերեզմանատանը:

 

 ՈՒԹԵՐՈՐԴ  ԻՄԱՄԸ

Շիաների յոթերորդ իմամ Մուսա բեն Ջաֆարի (Քազեմի) որդի  իմամ Ալի բեն Մուսան (Ռեզան) ծնվել է հիջրայի 148 թվականին և մահացել է հիջրայի 203 թվականին:

Իմամ Ալի բեն Մուսան (Ռեզան) իր մեծապատիվ հոր մահից հետո, Աստծո հրամանով և նախնիների երաշխավորմամբ` ճանաչվել է որպես իմամ: Նա իմամության գործունեությամբ է զբաղվել Աբբասյան Հարուն խալիֆայի և նրա որդիներ Ամինի և Մամունի խալիֆայության տարիներին:

Հարուն խալիֆայի մահից հետո Ամին և Մամուն եղբայրների միջև ծագած տարաձայնությունները արյունահեղ պատերազմների են վերածվել: Ամինի սպանվելուց հետո Մամունը խալիֆայության գահ է բարձրացել:

Մինչև Մամունի խալիֆայության հասնելը Աբբասյան խալիֆաները իմամ Ալիի  կողմնակից սեյյեդների նկատմամբ բիրտ ու արյունահեղ քաղաքականություն էին վարում, ինչի շնորհիվ, ժամանակ առ ժամանակ Ալիի  կողմնակից սեյյեդները ապստամբում էին, արյունահեղ պատերազմների մեջ մտնում, ինչի արդյունքում խալիֆայությունը ընկնում էր ծանր կացության մեջ:

Մարգարեի գերդաստանի իմամները ապստամբողների հետ չէին համագործակցում: Այդ օրերին շիաները մեծ թիվ էին կազմում և մարգարեի գերդաստանի իմամներին ընդունում էին որպես կրոնական առաջնորդների ու մարգարեին  հնազանդ հետևորդների, իսկ խալիֆայության վարչակազմը, որ կառավարվում էր մի խումբ անսաստ ու սանձարձակ գործիչների կողմից, նմանեցնելով թագավորական արքունիքի, դիտում էին որպես ապականված, անարդար ու սրբություններից հեռու համակարգ և գիտակցում, որ եթե այն շարունակվի ու զարգանա, ապա խալիֆայությանը վտանգ կսպառնա:

Մամունը մտածել է, որ իր նախնիներիª 70 տարի շարունակ վարած հին քաղաքականությունը ի վիճակի չի եղել վերացնել այդ դժվարությունները, ուրեմն` պետք է դրանց վերջը դրվի նոր քաղաքականության ներդրման շնորհիվ, և անհրաժեշտ է շիաների ութերորդ իմամին կառավարելու (գահաժառանգելու) հնարավորություն տալ, որովհետև Ալիի  կողմնակից բազմաթիվ սեյյեդները խալիֆայության հասնելու դեպքում չէին պայքարի խալիֆայության աշխատակազմի դեմ, և շիան էլ տեսնելով իր առաջնորդի համագործակցությունը խալիֆայության այնպիսի վարչակազմի հետ, որի կառավարիչներին մշտապես ապականված է համարել, այլևս կկորցնի այն հավատը, որ ունեցել է մարգարեի գերդաստանի իմամների հանդեպ, ինչի արդյունքում կփլուզվի նրանց դավանանքի կառուցվածքը և խալիֆայությանը վտանգ չի սպառնա:

Ակնհայտ էր, որ իր առջև դրած նպատակին հասնելուց հետո Մամունի համար իմամին վերացնելը դժվարություն չէր ներկայացնլու: Մշակած ծրագիրը իրականացնելու նպատակով, Մամունը իմամին Մադինայից հրավիրել է Մարվ և նրան առաջարկել է ստանձնել կառավարչի և խալիֆայի պաշտոնները: Իմամը ներում խնդրելով հրաժարվել է առաջարկից, սակայն վերջապես համոզվել և ընդունել է գահաժառանգումը` այն պայմանով, որ չպետք է միջամտի պետության գործերին և չմասնակցի պաշտոնների նշանակմանն ու պաշտոններից ազատելուն նվիրված քննարկումներին:

Վերը նշված իրադարձությունը տեղի է ունեցել հիջրայի 200 թվականին: Քիչ անց Մամունը` տեսնելով շիաների սրընթաց զարգացումն ու իմամի հանդեպ ցուցաբերած նրանց հարգանքը, հասարակ ժողովրդի, զինվորականների ու պետական ծառայողների համակրանքը, գիտակցել է իր սխալը, հնարք գտնելով թունավորել և սպանել է իմամին:

Ութերորդ իմամի դին հողին է հանձնվել Պարսկաստանի Թուս (այժմ` Մաշհադ) քաղաքում:

Մամունը մեծ ուշադրություն էր դարձնում տրամաբանական գիտություններին նվիրված ստեղծագործությունները արաբերեն թարգմանելու խնդրին, տարբեր կրոնների ու աղանդների գիտնականների մասնակցությամբ կազմակերպում էր գիտական խորհրդակցություններ, քննարկումներ: Այդ խորհրդակցություններին մասնակցում էր նաև ութերորդ իմամը, որը բանավեճի սեղանին էր նստում տարբեր ազգերի գիտնականների հետ: Այդ բանավեճերի զգալի մասը ընդգրկվել է շիաների ավանդապատումների ժողովածուներում:

 

 ԻՆՆԵՐՈՐԴ  ԻՄԱՄԸ

Իմամ Մոհամմադ բեն Ալին, ով հայտնի է նաև Թաղի և իմամ Ջավադ ու Իբն ալ Ռեզա անուններով, ութերորդ իմամի որդին է: Ծնվել է հիջրայի 195 թվականին Մադինայում: Ինչպես վկայում են հեղինակավոր աղբյուրները, հիջրայի 220 թվականին, Աբբասյան Մոթասեմ խալիֆայի հրահրանգով, իմամին թունավորել է սեփական կինը` Մամունի դուստրը: Իմամի դին հողին է հանձնվել Քազեմիեում, պապի` յոթերորդ իմամի հարևանությամբ:

Հոր մահից հետո, Աստծո հրամանով ու նախնիների երաշխավորության շնորհիվ ճանաչվել է որպես իմամ: Հոր մահվան ժամանակ նա գտնվում էր Մադինայում: Մամունը իմամին հրավիրել է Բաղդադ` խալիֆայության նստավայր: Ցուցաբերել է ձևական հոգատարություն. նրան ամուսնացրել է իր դստեր հետ և առաջարկել է ապրեն Բաղդադում: Այսպիսով` Մամունը ցանկացել է իմամին իր հսկողության տակ պահել:

Իմամը, որոշ ժամանակ Բաղդադում ապրելուց հետո, Մամունից Մադինա մեկնելու թույլտվություն է ստացել: Մադինայում ապրել է մինչև Մամունի մահը, որից հետո, երբ խալիֆայի պաշտոնը զբաղեցրել է Մոթասեմը, իմամը կրկին հրավիրվել է Բաղդադ: Այստեղ նա գտնվել է խալիֆայի հսկողության ներքո, և ինչպես արդեն նշվել է, Մոթասեմ խալիֆայի հրահրանգով, իմամը թունավորվել և նահատակվել է` շնորհիվ սեփական կնոջ ներդրած ջանքերի:

 

 ՏԱՍՆԵՐՈՐԴ  ԻՄԱՄԸ

Իններորդ իմամի որդի իմամ Ալի իբն Մոհամմադը հայտնի է նաև Նաղի և իմամ Հադի անուններով, ծնվել է հիջրայի 212 թվականին Մադինայում: Ըստ շիաների ավանդապատումների, հիջրայի 254 թվականին Աբբասյան Մոթազզ խալիֆ‎‎‎‎‎‎ան նրան թունավորելով սպանել է:

Ապրել է Աբբասյան Մամուն, Մոթասեմ, Վասեղ, Մոթավաքքել, Մոնթասեր, Մոսթաին և Մոթազզ խալիֆաների օրոք:

Մոթասեմ խալիֆայի իշխանության օրոք, հիջրայի 220 թվականին, նրա հայրը թունավորվել ու մահացել է Բաղդադում: Այդ ժամանակ նա գտնվում էր Մադինայում և Աստծո հրամանով և իրենից առաջ գործած իմամների երաշխավորությամբ զբաղեցրել է իմամի պաշտոնը: Մինչև Մոթավաքքել խալիֆայի գահ բարձրանալը, իմամ Ալի իբն Մոհամմադը զբաղվել է հոգևոր գրականության տարածմամբ:

Հիջրայի 243 թվականին Մոթավաքքել խալիֆան` հիմք ընդունելով տարածված չարախոսությունները, որոշել է իմամին հրավիրել խալիֆայության նստավայր Սամարրա, ինչի համար պետական ծառայողներից մեկին հանձնարարել է իր գրավոր հրավերը իմամին հանձնելու համար Մադինա մեկնել: Իմամի Սամարրա ժամանելուց հետո, խալիֆան ջանք չէր խնայել նրան ստորացնելու և անպատվելու ուղղությամբ, բազմիցս նրա դեմ մահափորձ էր կազմակերպել, նրան բերման ենթարկել ու խուզարկել նրա բնակման վայրը:

Աբբասյան խալիֆաներից Մոթավաքքելը բոլորից շատ էր թշնամաբար տրամադրված մարգարեի գերդաստանի անդամների հանդեպ, հատկապես` Ալիի, ում իր ոխերիմ թշնամին էր համարում և նրա հասցեին անվայել խոսքեր ասում: Նույնիսկ միմոս էր վարձել, որը խնջույքների ժամանակ ընդօրինակում էր Ալիին   և զվարճացնում ներկաներին: Նրա հրամանով հիջրայի 237 թվականին Քարբալայում ոչնչացրել են իմամ Հոսեյնի  դամբարանի գմբեթը, հողին հավասարեցրել դամբարանի շրջակայքի բազմաթիվ շինություններ: Կարգադրել է իմամի սրբավայրը ջրի տակ առնեն, մարգարեի սուրբ գերեզմանի հողը հավասարեցնեն ու վար ու ցանք անեն, որպեսզի բարեպաշտ մուսուլմանները նրա գերեզմանի տեղը մոռանան:

Աբբասյան Մոթավաքքել խալիֆայի իշխանության տարիներին Հիջազում ապրող իմամ Ալիի  գերդաստանի սեյյեդները ապրում էին թշվառականի կյանքով: Նրանց կանայք չունեին քող. ոմանք ունեին միայն հին չադրա: Կանայք նամազ անելու ժամանակ այն կրում էին հերթով: Այդպիսի ծանր վիճակում էին գտնվում նաև Ալիի  գերդաստանիª Եգիպտոսում ապրող սեյյեդների ընտանիքները:

Տասներորդ իմամը, մինչև Մոթավաքքել խալիֆայի տիրապետության վերջին օրերը, հանդուրժել է իր հանդեպ ցուցաբերվող բոլոր տեսակի տանջանքները:

Մոթավաքքել խալիֆայի մահից հետո իշխանության են եկել Մոնթասերը, Մոսթաին և Մոթազզը: Վերջինիս կողմից հյուսված դավի արդյունքում թունավորվել ու նահատակվել է շիաների տասներորդ իմամ Ալի իբն Մոհամմադը:

 

 ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ  ԻՄԱՄԸ

Տասներորդ իմամի որդի իմամ Հասան բեն Ալին (Ասքարին) ծնվել է հիջրայի 232 թվականին: Ըստ շիաների ավանդապատումների, Աբբասյան Մոթամեդ խալիֆայի կողմից հյուսված դավի արդյունքում, հիջրայի 260 թվականին թունավորվել ու նահատակվել է:

Իմամ Հասան բեն Ալին, իր մեծապատիվ հոր մահից հետո, Աստծո հրամանով ու նախորդ իմամների կողմից ընդունված որոշման համաձայն, ճանաչվել է որպես իմամ: Իմամության յոթ տարիների ընթացքում, խալիֆայի կողմից կիրառված չափազանց խիստ քաղաքականության շնորհիվ, թաղիյեների (կրոնական պատկանելիությունը թաքցնող և այլոց հետ արտաքնապես համաձայնություն ցույց տվողների - Վ. Խ. Փ.) հանդեպ  ցուցաբերել է խիստ մոտեցում, դուռը փակ է պահել մարդկանց առաջ, նույնիսկ հասարակ բարեպաշտ շիաների առաջ: Առնչվում էր միայն համբավ վայելող շիա հոգևոր գործիչների հետ: Այսուհանդերձ նա ժամանակի մեծ մասն անցկացրել է բանտերում :

 Վերը նշված բոլոր տեսակի ճնշումների պատճառներն են համարվել.

ա) Այն ժամանակ շիաների թիվը մեծ էր, և զգալի ուժ էին ներկայացնում: Բոլորին հայտնի էր, որ շիաները հավատում էին իրենց իմամներին, և շիա իմամները համբավ էին ձեռք բերում: Այդ պատճառով էլ խալիֆայական վարչակարգը շիա իմամներին մշտապես հսկողության տակ էր պահում և նրանց ոչնչացման համար ջանք չէր խնայում:

բ) Խալիֆայական վարչակարգը տեղեկացել էր, որ համբավ վայելող շիա հոգևոր գործիչները ցանկանում են, որ տասնմեկերորդ իմամը գահաժառանգ ունենա: Ըստ տասնմեկերորդ իմամի և նրա պապերի կողմից պատմված ավանդապատումների, այդ գահաժառանգը հենց ինքը` ընտրյալ Մահդին էր, որի մասին հասարակ մարդկանց և համբավ վայելող բարեպաշտների միջոցով  հայտնել է Մոհամմադ մարգարեն: Նրան ճանաչում էին որպես տասներկուերորդ իմամի:

Այդ պատճառով էր, որ տասնմեկերորդ իմամը, մյուս իմամների համեմատ, ավելի շատ է գտնվել խալիֆաների ուշադրության կենտրոնում: Եվ նրա ժամանակակից խալի‎‎‎ֆան վերջնական որոշում էր կայացրել ամեն գնով իմամության ինստիտուտը վերացնելու և մշտականապես այդ դուռը փակելու մասին:

Հենց որ տասնմեկերորդ իմամի հիվանդության մասին հայտնել են Մոթամեդ խալիֆային, նա անմիջապես իմամի տուն բժիշկ է ուղարկել. մի քանի վստահելի անձանց ու դատավորներին հանձնարարել է հսկեն իմամի ծառաներին ու տունը: Իմամի մահից հետո խուզարկել են նրա բնակարանը, նաժիշտների ու մանկաբարձների միջոցով զննել են իմամի կնոջը:

Երկու տարի շարունակ խալիֆայի անվտանգության գործակալները փորձում էին իմամի ժառանգորդի հետքը գտնել, սակայն դա նրանց չէր հաջողվում:

 Տասնմեկերորդ իմամ Հասան բեն Ալին (Ասքարին) մահացել է իր տանը: Նրա դին հողին են հանձնել Սամարրա քաղաքի գերեզմանատանը, իր մեծապատիվ հոր կողքին:

Նշենք, որ մարգարեի գերդաստանից սերած բոլոր իմամները կրթել ու դաստիարակել են բազմաթիվ գիտնականների ու գյուտարարների, որոնց թիվը հարյուրների է հասնում:

 Սույն աշխատության ծավալը չմեծացնելու նպատակով այդ գիտնականների ու գյուտարարների անուններին ու նրանց ստեղծագործությունների  անվանումներին անդրադարձ չենք կատարում:

 

 ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ  ԻՄԱՄԸ

Տասնմեկերորդ իմամի որդին` ընտրյալ Մահդին, ով հաճախ հիշատակվում է նաև Էմամ-է ասր (դարաշրջանի իմամ) և Սահեբ ոլ զամամ (ժամանակի տեր) տիտղոսներով, ծնվել է հիջրայի 255-256 թվականներին Սամարրա քաղաքում և մինչև իր մեծապատիվ հոր մահը (հիջրայի 260 թվականը) գտնվել է նրա խնամքի ներքո. ապրել է շրջապատից թաքնված: Նրա հետ շփվել են միայն համբավ ձեռք բերած մի խումբ հոգևոր գործիչներ:

Հոր մահից հետո, երբ նա արժանացել է իմամի կոչմանը, Աստծո հրամանով ընտրել է բացակայելը. բացառիկ դեպքերում հայտնվում էր միայն իր հատուկ տեղակալներին:

 

 ՀԱՏՈՒԿ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ

Ընտրյալ իմամ Մահդին միառժամանակով Օսման բեն Սաիդ Օմարիին, որն իր հոր ու նախնիների զրուցակից ընկերներից և նրանց հավատարիմ ու վստահելի անձանցից էր, նշանակել էր որպես տեղակալ և նրա միջոցով պատասխանում էր շիաների դիմումներին ու հարցերին:

Օսման բեն Սաիդ Օմարիի մահից հետո նրա որդի Մոհամմադ բեն Օսմանն է կարգվել իմամ Մահդիի տեղակալի պաշտոնում: Վերջինիս մահից հետո նրա որդի Աբուլղասեմ Հոսեյն իբն Ռուհ Նոուբախթին է զբաղեցրել իմամ Մահդիի տեղակալի պաշտոնը: Աբուլղասեմ Հոսեյն իբն Ռուհ Նոուբախթիի մահից հետո այդ պաշտոնը զբաղեցրել է նրա որդին` Ալի բեն Մոհամմադ Սամարրին:

Ալի բեն Մոհամմադ Սամարրիի մահից մի քանի օր առաջ (հիջրայի 329 թվական), սրբավայրից մի հրովարտակ է հրապարակվել, որով Ալի բեն Մոհամմադ Սամարրիին տեղեկացվել էր, որ վեց օրվա ընթացքում նա մահանալու է և երկարատև բացակայության մեջ մնալու է հատուկ տեղակալի պաշտոնում, և այդ բացակայությունը տևելու է մինչև այն օրը, երբ Աստված կհայտնի իմամ Մահդիի գալստյան մասին: Այդ հրովարտակի դրույթն-երից ելնելով` իմամ զամանի (իմամ Մահդիի) բացակայության հիմնահարցը բաժանվում է երկու մասի:

Առաջին: Կարճատև բացակայություն, որ սկսվել է հիջրայի 260 թվականին և, մոտավորապես 70 տարի տևողությամբ, ավարտվել է հիջրայի 329 թվականին:

Երկրորդ: Երկարատև բացակայություն, սկսվել է հիջրայի 329 թվականին և տևելու է այնքան ժամանակ, ինչքան որ Աստված կկամենա:

Մոհամմադ մարգարեն  իր ՙՄոթթաֆեղ ալիյհե՚  հադիսում ասում է. ՙԵթե աշխարհի վախճանին մեկ օր մնացած լինի, Աստված այդ օրվա տևող-ությունը կերկարացնի, որպեսզի իմ զավակներից Մահդին հայտնվի (երևան գա) և աշխարհը լցնի արդարությամբ, եթե այն նույնիսկ լցված լինի բռնությամբ ու անարդարությամբ՚ :

 

Շիան Իսլամում գրքից