18/12/2018

 

Ադամորդիք մեկը մյուսի մասնիկներն են համարվում, Ստեղծված են բոլորը մեկ նախանյութից աշխարհում, Եթե մարմնի մի անդամը հիվանդանա դիպվածով, Այլ մասերը չեն ունենա առողջ վիճակ ապահով. Եթե լինես ուրիշների տանջանքներին անտարբեր, Ճիշտ չի լինի, եթե կրես մարդ անունը պատվաբեր։ (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Ջամշիդ Խանյանի Դելավարի մարեն պատմվածքը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ջամշիդ Խանյանի Դելավարի մարեն պատմվածքը

Ջամշիդ Խանյան

Ժամանակից իրանցի հայտնի արձակագիր, դրամատուրգ և մանկագիր Ջամշիդ Խանյանը ծնվել է 1961թ. Իրանի հարավում` Պարսից ծոցի ափում գտնվող նավթարդյունաբերության կենտրոն համարվող Աբադան քաղաքում, որն Իրանում իսլամական հեղափոխության ընթացքում կարևոր դեր ուներ, իսկ իրան-իրաքյան պատերազմի ընթացքում թշնամու գլխավոր և առաջին թիրախներից էր: Թերևս այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ Խանյանի ստեղծագործությունների հիմնական թեմաները հենց նշյալ խոշոր իրադարձություններն են: Նա սկսել է ստեղծագործել անցյալ դարի 80-ականներից: Խանյանի պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1993թ., իսկ երկրորդը` ՙԽաղ արգելված գծի վրա՚, 1996թ.: Գրողի առաջինª ՙՆա՚ վեպը տպագրվել է 1997թ., որի թեման Իսլամական հեղափոխությունն է, իսկ ՙԵրկրի մանկությունները՚ և ՙՍաբուր՚ վեպերի թեման` պատերազմը: 1987-97թթ. միաժամանակ նա գրել է բազմաթիվ դրամատիկական գործեր, այդ թվում` ՙԲաբուր՚, ՙԵղեգնյա հյուղակի վրա՚, ՙԿարկին՚, ՙՉորրորդ նամակը՚, ՙՊարոն Ք-ի սպանությունը՚ և այլն, որոնք բազմիցս բեմադրվել են Թեհրանում և երկրի այլ խոշոր քաղաքներում: Նրա պիեսները շահել են 1999թ. Գերմանիայի Մուլհայմ քաղաքի միջազգային փառատոնի և իրանական տարբեր մրցանակներ:

2000թ.-ից ի վեր նա լիովին տեղափոխվել է մանկապատանեկան գրականության ոլորտ: Մի առիթով այս առնչությամբ նշել է, թե պարծենում է իր մանկագիր լինելով, ընդգծելով, որ մեծահասակների համար գրված գործերը շատ լուրջ չընդունեն: Այս ոլորտում նրա ստեղծագործությունները ևս արժանացել են բազմաթիվ, այդ թվում նաև մանկական ամսագրերի կողմից սահմանված մրցանակների, որոնցից են` ՙՇնաձուկը՚, ՙՍպիտակ աչքերով կատուների գիշերը՚, ՙԱյն գիշերը, երբ ծղրիդը չերգեց՚, ՙՓղակրիան՚, ՙԱրիացիները՚, ՙԲաբուրի գեղեցիկ սիրտը՚, ՙԱրևմտյան յոթերորդ հարկը՚ և այլն:

 Ստորև ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հեղափոխական պայքարի թեմայով Խանյանի առավել հայտնի պատմվածքներից ՙԴելավարի մարեն՚, որը տեղ է գտել ՙԺամանակակից գրականության ընտրանի՚ մատենաշարի Ջամշիդ Խանյանի պատմվածքների ժողովածուում:

 

 

Դելավարի մարեն

 

 

ՙԴելավարի մարե կարմիր դեյրա± ես հագել, կանաչ գլխաշո±ր կապել:

Ժամանակն ա:

Ըչի± ժամանակը:

Հենց էս կարմիր դեյրա հագնելու, կանաչ գլխաշոր կապելու՚:

Ողջ գիշերըª մինչև վաղ լուսաբաց, նարգիլե էր ծխում:

Լուսաբացին, նախքան աքաղաղի կանչելը, երբ տեսավ երկնքի սպիտակելը, նարգիլեն հենելով պատին վեր կացավ, գնաց դեպի ջրի ծորակը` մայրի ծառի մոտ, կատարեց աղոթքի ձեռնլվան: Ապա վերադարձավ սենյակ, ծալքի վրայից վերցրեց չադրան, գցեց գլխին, աղոթքի փոքրիկ գորգը փռեց ու կանգնեց աղոթքի:

Աղոթելուց հետո, վախ ընկավ սիրտը. ՙԲա որ չհասնեմ՚:

Շտապ մոտեցավ մետաղյա սնդուկին, մի շրջազգեստ հանեց` կարմիր ու երկար (ՙհենց էս շորը՚), հագավ այն սև շրջազգեստի փոխարեն: Գլխին գցեց կանաչ գլխաշոր` սևի փոխարեն (ՙհենց էս գլխաշորը՚): Երկու թաշկինակ վերցրեց` դեղին ու նարնջագույն, փակեց մետաղյա սնդուկի դուռը և կողպեց: Աղջիկների` Հալիմեի ու Հանիեի վրայի ծածկոցը քաշեց, մինչև վզները ծածկեց: Կռացավ, երեք պատրույգանի նավթավառի պատրույգները մի քիչ էլ իջեցրեց: Նավթավառին դրված էր թեյնիկը, վրան` թրմիչը: Ուղիղ կանգնեց: Սենյակում լուռ լուսումութ էր տիրում:

ՙԲա որ վերջի±ն հասնես՚:

Անցավ մեծ շրջանակի մեջ դրված Դելավարի լուսանկարի մոտով ու սենյակից դուրս թռավ:

ՙԴելավարի մարե¯ հմի ո±ւր ես ըտենց վռազում՚:

Հարսանի¯ք:

Հարսանի±ք, էս լուսաբացի±ն՚:

Աքաղաղը կանչեց:

ՙՀմի հա էլ դես-դեն կընկնես ու չես հասցնի՚:

Հենց դուրս եկավ, փողոցի առավոտյան զովը նրա դեմքի նուրբ մաշկը զվարթացրեց:

 

ՙՉե±ս մրսում, պիտի մի բան հագնեիր էս կարմիր դեյրայի վրայից:

Ցու±րտ, վառվում եմ, կրակ ա ընգել ջանս` ոնց որ բաղնիքի քուրա՚:

 

Ողջ գիշեր, մինչև լուսաբաց հայացքը գամել էր մի կետի, երբ կոպերը ծանրանում էին, ցնցվում էր, կամ ոտքերը շարժում, խոր շունչ քաշում ու կրկին նարգիլեի փողը մոտեցնում շուրթերին և հայացքը հառում անորոշ մի կետի, որը, հայտնի չէր, թե երևակայությամբ ուր էր տանում նրան: Այդ վիճակում նրա աչքերը նմանվում էին ձկան հարթ ու խոնավ աչքերի, որոնք կարծես, թե հառել էր դիմացի խոնավ տարածությանը:

ՙԴելավա¯ր, Դելավա¯ր, բալես, տեսնում ե±ս ճակատագիրն ինչ խաղ ա խաղում:

Դելավարի մարե քեզուքե±զ ես խոսում:

Դելավարի հետ:

Մինչև հիմա±:

 Հա, մի¯նչև հիմա՚:

Նրա համար ՙմինչև հիմա՚ նշանակում է այն օրը, երբ Զաբիհը` կապիտան Հաջ Ղորբանի տղան, շտապ եկել և նրանց դարպասի դուռը թակել էր գնդացրի կրակահերթի պես:

ՙՈնց որ երեկ էր:

Մի ամբո¯ղջ տարի ա անցել:

Ոնց որ երեկ էր:

Թխկ, թխկ, թխկ, թխկ՚:

Դելավարի մարեն բակում նստած, դանակի ոսկրյա բռնակը դրել էր ոտքի երկու մատի արանքում և միսը քաշելով դրա ուղղահայաց սուր շեղբին, փոքր-փոքր կտորներով կտրատում, դնում էր սկուտեղի մեջ` ճաշվա ՙղորմեսաբզիի՚  համար:

ՙԹխկ, թխկ թխկ, թխկ՚:

Դռան թակոցից սրտիս սինը շուռ էկավ:

Դելավարի մարե, հո տեղյակ չէի±ր:

Կան բաներ, որոնց լուրն աներևույթ մի ուժ հասցնում է մարդու սրտին: Դելավարի հոր տասներեք մետրից ընկնելու լուրն էլ աներևույթ ուժերը հասցրին: Էդ օրն էլ էսպես սրտիս սինը շուռ էկավ, հետո նոր, Մաշարից գործընկներն էկան ու ասեցի¯ն՚:

 

ՙԹխկ, թխկ, թխկ, թխկ՚:

Դանակի ուղղահայաց շեղբը միսը կտրատում էր, մինչև որ հանկարծ ձեռքն անշարժացավ, սարսուռ անցավ մարմնով.

ՙՍեյդ Աբբաս, աղաչում եմ՚:

 Ապա բարձրաձայն կանչեց.

- Հանիա¯, Հալիմա¯ մեկնումեկդ էդ դուռը բաց արեք:

Հանիեն սենյակից դուրս ցատկեց: Դելավարի մարեն հայացքը դեպի նրան դարձրեց.

- Կամաց, անիծվես դու:

Հալիմեի մի ոտքը սենյակի շեմին, մյուսը բակում էր.

- Մարե, Դելավարն ա, որ էտենց թակում ա դուռը:

Անշարժացած մսի կտորը քաշում է դանակի սուր շեղբին: Միսը ճեղքվում, երկու կտոր է լինում, փոքր կտորը գցում է սկուտեղի մեջ: Երբ ուզում է մսի մյուս կտորը քաշել դանակի շեղբին, կապիտան Հաջ Ղորբանի տղան, զոհաբերվող ոչխարի նման, որ փախչում է մսագործի ձեռքից, իրեն գցում է բակի մեջտեղը: Դանակի սուր ծայրը, նշտար դառնալով, մսի մեջ մտնելու փոխարենը մտնում է Դելավարի մարեի բութ մատը:

 

ՙՄիտս չի գալի:

Չպիտի էլ միտդ գա: Երբ կապիտան Հաջ Ղորբանի տղայի բերած լուրը նշտարի պես սիրտս խոցեց, դրա դեմ մատի կտրվելն ինչ ա որ:

Ոնց որ թե էրեկ լիներ՚:

Դելավարի մարեի մատից արյուն էր հոսում, ներկում դանակի շեղբը, սահում մինչև ոսկրյա բռնակը, մինչև ոտքի մատները, մինչև գետին:

 ՙՈ¯վ վերջին Էմամ, ի±նչ էլավ բալիս՚:

Կապիտան Հաջ Ղորբանի որդին շնչասպառ էր եղել: Դելավարի մարեն դիմելով Հալիմեին, գոչեց.

- Ջո°ւր, աղչի, ջուր բեր:

 

ՙԽեղճը ոնց որ գլուխը կտրած հավ լիներ՚:

 

Հանիեն ոտքի վրա մնալու համար կառչեց պատին: Հալիմեն բաժակով ջուր բերեց, տվեց Դելավարի մարեին: Նա բաժակով ջուրը դողդոջուն ձեռքով մեկնեց Զաբիհին.

- Խմիր, խմիր բալա ջան:

Զաբիհը բաժակը մի կողմ հրեց.

- Մարե, ջուրն ինչ եմ անում:

 

ՙՉարագուշակ լուրը վառված խնկի հոտ ունի և նախքան լսելը հոտն առնում ես: Կապիտան Հաջ Ղորբանի խեղճ տղեն, ման էր գալիս` մի ձև գներ, որ ասեր, թե Դելավարս զոհվել ա՚:

 

Զաբիհը գլուխն ուսերի մեջից կախել էր և ձեռքերով հենվել հատակին, որպեսզի հայացքը փախցներ Դելավարի մարեի հայացքից: Դելավարի մարեն ասաց.

- Խոսիր, խոսիր բալես:

Զաբիհը, թվում է թե, ցանկանալով դուրս գալ այդ չարագուշակ լուրի պատճառով ստեղծված դժվար կացությունից, մեկ շնչով հայտնում է.

- Ոստիկանների ծուղակն էինք ընկել: Ուրիշ ճար չկար, նրանց դեմ տվինք պատին ու սկսեցինք գոռալ մեր կարգախոսները: Նրանք կրակեցին: Ճամփա բացվեց: Մենք փախանք դեպի կողքի փողոցները: Տեսա, որ Դելավարը մտավ փակ փողոց: Չպետք ա գնար: Պետք ա տեսներ պատի վրայի բազմապտկման նշանը: Չտեսավ: Չտեսավ: Մի ոստիկան ընկավ հետևից: Հետո իմացա, որ ՙպարոն Ջաբերին՚ էր: Մարե, նա մի Շեմր ա , որ Շեմր չլիներ էդպես

 

Դելավարի մարեն ինքն իրեն կրկնեց.

ՙՄարե, նա Շեմր ա, որ Շեմր չըլներ էդպես՚

 

ՙԳոռացի Դելավա¯ր, Դելավա¯ր, անօգուտ էր, անօգուտ էր, անօգուտ՚£

Բաժակը Դելավարի մարեի ձեռքից ընկավ ու հազար կտոր եղավ:

- Մի լացի, խոսքդ ասա:

- Մտածեցի` ինչ լինելու ա, թող ըլնի, գնացի դեպի էդ փողոցը: Շեմր Ջաբերին կայնել էր Դելավարի գլխավերևում ու հայացքը հառել նրա աչքերին: Էդ անաստվածը ՙԿոլտով՚ կրակել էր Դելավարի վրա: Ո±վ կասեր, թե կխփի, ո±վ կմտածեր խփեց, խփեց, խփեց, խփեց

Դելավարի մարեն մրմնջաց.

ՙԽփեց, խփեց, խփեց, խփեց՚

Եվ բարձրաձայն ասաց.

- Շատերին էի ապսպրել, որ գտնեն նրա հետքերը: Ում հասնում, ասում էի: Մինչև որ մի օր կապիտան Հաջ Ղորբանի տղին կանչեցի: Ու գնացինք: Նրան ցույց տվեց:

Ասեց` էս հենց էն Շեմրն ա: Գնացի նրա կողմը: Ուրիշ ոստիկանների հետ կայնած էր: Կայնեցի ճիշտ դեմն ու նայեցի: Նայեցի: Սև, շոռող աչքեր ուներ: Աչքեր, որոնցում մազաչափ խիղճ ու գութ չկար: Էնքան արուն էր տեսել ու թափել, որ դրանցում արուն կար: Մսոտ էր ու լենճակատ` իսկ և իսկ եզ: Բրդանման բեղերը թափվել էին մինչև դնչի փոսը:

- Պառավ շուն, էն կողմ գնա, տենամ:

- Դու սպանել ես իմ Դելավարին:

Ջաբերին երկու մատը խրելով մեջքին կապած փամփշտակալի մեջ, մյուս ձեռքով նշան արեց կողքին կանգնած զինվորին.

- Սրան ռադ արա գնա, արդեն արունս եռացնում ա:

Զինվորը զենքով եկավ դեպի Դելավարի մարեն, իսկ նա հետ-հետ գնալով գոռում էր.

- Քո հմար կարմիր շոր կկարեմ ու կսպասեմ, կսպասեմ, մինչև էն օրը հասնի, երբ պիտի հագնեմ: Վախեցի, վախեցի էդ օրվանից: Վա¯յ աման, ի¯նչ կանեմ:

Ջաբերին շրջվեց, վառեց ծխախոտն ու ծուխը ներս քաշեց:

 

ՙՈւրեմն էդ կարմիր շորի պատմությունը, հենց էն տարվա պատմությունն ա:

Իմ համբերության ու տոկունության պատմությունն ա:

Լավ, հմի էս առավոտ ծեգին ո±ւր:

Մի±թե չես իմանում:

Ինչի± մասին, Դելավարի մարե:

Էն Շեմրին կախաղան բարցրացնելու:

Ջաբերի±ն:

Հա, որոշված ա, որ հենց էսօր պիտի սպանեն, էն վերևում` արձանի մոտ:

Նայիր, Դելավարի մարե, տես հրապարակն ինչ մարդաշատ ա, շտապի՚:

Դելավարի Մարեն քայլերն արագացրեց, զեփյուռը խաղաց նրա կարմիր շորի դարսի մեջ:

ՙՏեսնում ե±ս Դելավար, տեսնում ե±ս բալես, ոնց որ նա աչքերիդ մեջ նայելով գնդակը մտցրեց կրծքիդ մեջ, հենց էնպես էլ ես կնայեմ նրա աչքերին ու կասեմ` միտդ ա±, որ քեզ ասեցի, թե քո օրը որ հասնի, իմ հմար կարմիր դեյրա կկարեմ: Ասեցի, որ կսպասեմ մինչև էդ օրը գա` հագնեմ: Հիմա էդ օրն էկել ա: Կնայեմ սև շոռող աչքերիդ մեջ ու կասեմ: Հենց էն աչքերի, որոնց մեջ կորեկի չափ անգամ գութ ու խիղճ չկա: Ապա, երբ կախաղանի վերևում թպրտա, թաշկինակը ձեռս կառնեմ ու կխաղացնեմ: Ա¯խ, Դելավար, Դելավար ինչ գիշերներ եմ լուսացրել, հենց էս առավոտվա հույսով: Ա¯խ, թե ընչեր եմ քաշել, ա¯խ Դելավար:

 

ՙԴելավարի մարե շարժվիր, արագացրու, ոնց որ ուզում են կախաղանի պարանը քաշեն՚:

Դելավարի մարեն ճեղքեց ամբոխի շարքերը.

- Ճամփա տվեք, ճամփա տվեք, ճամփա բացեք, էս Դելավարի մարեն ա:

Դելավարի մարեն մտավ ժողովրդի մեջ:

- Դելավարի մարե գոռա, ասա թող սպասեն, ասա թող չշտապեն:

Դելավարի մարեն գոռաց.

- Սպասեք, սպասեք:

Բազմությունը ճեղքվեց: Դելավարի մարեն հասավ կախաղանի մոտ: Պարանը գցել էին Ջաբերիի վիզը: Կանգնեց, շնչասպառ էր լինում:

- Ասա, Դելավարի մարե ասա’:

Նա ասաց.

- Համբերեք, ես Դելավարի մարեն եմ, էս անաստվածն իմ Դելավարին սպանել ա:

Կախաղանի պարանի մյուս կողմում կանգնած երիտասարդը մոտեցավ.

- Ի±նչ ա, Դելավարի մարե:

Դելավարի մարեն չգիտեր ի±նչից, որտե±ղից սկսեր` անհամբեր էր:

- Դելավարի մարե, ուզածդ ասա: Իրա հետ խոսալու բան ունես, ասա:

- Ո±ւմ հետ:

- Ջաբերիի հետ, ըտենց չի±:

- Հա, ըտենց ա, ըտենց ա:

Պարանը բռնեց ու երիտասարդին դիմելով, ասաց.

- Բալես, աղաչում եմ, ցած բեր, բեր էստեղ, դրան էրկու խոսք ունեմ ասելու:

Երիտասարդը շփոթված էրª երկմտանքի մեջ, Դելավարի մարեն ասաց.

- Երկու բառ

Բազմության մեջ փսփսոց բարձրացավ.

- Դելավարի մարեն ա:

- Բերեք, թող իրա ասելիքն ասի:

Երիտասարդը գնաց, մյուսին ինչ-որ բան ասաց: Նա գլուխը կախեց ու լռեց: Հետո, բարձրացնելով, երիտասարդի ականջին շշնջաց և նա վերադարձավ: Երկու հոգի գնացին, Ջաբերիի թևերի տակ մտան, բերեցին Դելավարի մարեի մոտ և երիտասարդն ասաց.

- Մարե, ասելիքդ ասա:

Դելավարի մարեն, Ջաբերիին մոտիկից տեսնելով, ընկրկեց և հայացքը հառեց նրան. ՙԲա ու±ր են էն աչքերդ, էն լպիրշ համարձակությունդ, էն աչքերը, որոնցում կորեկի չափ խիղճ ու գութ չկար: Բա ու±ր են էն աչքերը, էն մսակալած անտաշ բոյբուսա±թդ, որով պարծենում էիր, ու±ր ա՚:

- Դելավարի մարե ասա, խոսա, մի բան ասա:

Ջաբերին գլուխը կախել էր, ուսերը ցնցվում էին: Դելավարի մարեի հայացքը դեռ հառած էր նրան. ՙԻ±նչ ասի սրան, որ բոլորից գթասրտություն ու բարություն ա մուրում՚:

- Դելավարի մարե, ի±նչ եղավ, ընչի± ասելիքդ չասեցիր:

ՙէս էն չէ±ր, որ Դելավարիս աչքերի մեջ նայելով գնդակները դատարկեց նրա կրծքի մեջ: Չէ, էս Ջաբերին չէր, էս ոչինչ էլ չէր, ոչինչ՚:

 

Դելավարի մարեն գնաց: Գնաց ու չտեսավ, որ էն վերևից կախվածը ճոճվում ու նրա գնալուն է նայում


11:22 - 09/08/2018    /    համար : 710562    /    ցուցադրության քանակը : 33