20/10/2018

 

Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ, / Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ (Հաֆեզ)
Բովանդակություն
Clock
News > ՆՄՈՒՇՆԵՐ ԻՄԱՄ ԽՈՄԵՅՆՈՒ ԲԱՐՈՅԱՄԻՍՏԻԿԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐԻՑ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՆՄՈՒՇՆԵՐ ԻՄԱՄ ԽՈՄԵՅՆՈՒ ԲԱՐՈՅԱՄԻՍՏԻԿԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐԻՑ

 Ինքնամաքրում և ճգնակեցություն

              Պետք է իմանաք, որ երբ մարդն իր հանդեպ անփույթ է և չի ձգտում ինքն իրեն բարեփոխել և մաքրագործելª զսպելով իր մարմնական ցանկությունները, նա սկսում է ենթարկվել իր ցանկություններին և յուրաքանչյուր օր և ժամ նրա հոգու բեռն ավելի է ծանրանում, որի արդյունքում աստիճանաբար խամրում և ի վերջո, բոլորովին մարում է նրա հոգու լույսի կերոնը:

 

             Արդյո՞ք չի եկել այն ժամանակը, որ մենք սկսենք բարեփոխել մեր հոգիները և բուժենք մեր հիվանդությունները: Մենք անիմաստ  վատնեցինք մեր երիտասարդության կապիտալը, սատանայության և ցանկասիրության արդյունքում հեշտությամբ կորցրեցինք այն երիտասարդությունը, որի շնորհիվ կարող էինք ապահովել երկրային և անդրշիրիմյան կյանքի բարօրությունը:

Եվ այժմ էլ չենք ցանկանում բարեփոխվել, որպեսզի կարողանանք օգտվել մեր մնացած կյանքի բարիքներիցª մաքուր հոգով և հանգիստ խղճով այս աշխարհից հեռանալու համար:

             Սիրելիս, արթնացիր խորը քնից և Ղուրանի և ավանդապատումների միջոցով ապաքինիր քո հիվանդությունները և օգնություն հայցիր Ամենակարող և Բարեգութ Տիրոջից ու ապավինիր նրան: Աստծո Մարգարեն մեզ ավետել է, որ մենք կարող ենք ապավինել Տիրոջն ու նրա միջոցով փրկվել բնության այս դաժան հորից, ազատվել կապանքներից ու շղթաներիցª միանալով մարգարեներին և առաքյալներին ու շարունակելով նրանց ուղին:

             Իմացած եղիր, որ եթե բարօրության ու բարեփոխման ճանապարհին մի քայլ կատարես, թողություն խնդրես ու խոնարհվես Բարձրյալ Տիրոջ առջև, քո դեմ կբացվեն երջանկության դռները և դու կվայելես ամեն ինչ:

             Այո, ինչպես յուրաքանչյուր գործի սկիզբ, բարեպաշտների ու միստիկների համար նույնպես մաքրագործման և ճգնավորության առաջին քայլերը դժվար են թվում: Սատանան, ընչաքաղցությունն ու ցանկասիրությունը նույնպես նպաստում են այդ գործողությունների բարդացմանը և աշխատում են թույլ չտալ, որպեսզի մարդը մաքրագործվի:

Սակայն այդ գործողությունները սկսելուն պես ամեն ինչ հեշտանում և ավելի դյուրին է դառնում: Կատարելության և Աստծո ճանապարհին մարդու կատարած յուրաքանչյուր քայլ ավելի դյուրին է, քանª նախորդը, քանզի ուղղորդվում է աստվածային լույսով, որը հեշտացնում է ճգնակեցությունն ու մաքրագործումը

             Երբեմն աստվածաբանությունը, իսլամական իրավագիտությունը, բարոյագիտությունը կամ միստիցիզմը մարդուն դժոխք են ուղարկում: Գիտությունը չի կարող մարդուն ուղղել, մաքրագործվել է պետք:

             Աստված մի արասցե, որ գա այն օրը, երբ որևէ մեկը, նախքան մաքրագործվելը հայտնվի հասարակության մեջ և մարդկանց կողմից ճանաչում ստանա: Այս պարագայում հիշյալ մարդը կպարտվի և կկորցնի իրեն:

             Հենց դադարես հասկանալ այս աշխարհը, ամեն ինչ կավարտվի, և դու չես կարողանա բարեփոխել ու վերահսկել ցանկություններդ:

             Աշխարհիկ վնասներից չէ՞ այն, երբ մարդն ասում է. ՙՈչինչ, որ այսօր չստացվեց, վաղը կստացվի, կամª ոչինչ, եթե վաղն էլ չստացվի՚: Սա դժբախտություն է, որը վերջ չունի:

             Ով սառնասիրտ մարդ, խորհիր, տես թե որն է քո սրտի հիվանդությունը, որը քարացրել է քո սիրտը և այն չի կարող ընդունել կապանքներից և տանջանքներից ազատվելու համար ուղարկված Ղուրանը:

             Սիրելիսաշխատիր, որ մարմնական ձգտումներդ ու ցանկություններդ չավարտվեն այստեղ և հանդերձյալ աշխարհի համար նույնպես պահպանիր:

             Երբ մարդն իր հետ պատահած ամեն ինչի համար մեղադրում է հասարակությանն ու իշխանավորներին, դա եսասիրություն է:

             Քանի դեռ ձեր ցանկությունների և մարմնի գերին եքª չեք կարող պայքարել Աստծո համար և պաշտպանել Նրան:

             Երբ մարդու ցանկասիրությունը, փառասիրությունը, իշխանատենչությունն ու նմանատիպ բաներն այնքան խորն են մարդու մեջ, որ եթե Մեծ Մարգարեն զրկում է վերջինիս դրանցիցª մարդը թշնամանում է Մարգարեի հետ: Երբ հասկանում է, որ Աստված է նրան զրկել այդ ամենից, սկսում է թշնամանալ նաև Աստծո հանդեպ: Սա մարդկության մեծագույն չարիքներից է:

             Մարդը չի կարող միաժամանակ բարեպաշտ  և եսապաշտ լինել: Մարդը չի կարող միևնույն ժամանակ պաշտպանել և իր և իսլամի շահերը: Այս երկուսից մեկը կարող է լինել:

             Ով սիրելիս, քանի դեռ բնության մութ վարագույրները ամբողջովին չեն ծածկել լույսը, քանի դեռ ամբողջովին չես տարվել աշխարհիկ ցանկություններով, գոտեպնդվիր և քեզ համար դեպի բարօրություն մի դուռ բաց արա:

             Ամեն դեպքում, մարդը չպետք է զերծ մնա իր սխալներն ու թերությունները ուղղելու և ճշմարիտ բարիքից ու օրհնությունից օգտվելու հնարավորությունիցª պարզելով իր ձեռքերն առ Աստված և նրանից աջակցություն և օրհնություն հայցելով: Հուսով ենք, որ որոշ ժամանակ այդ գործողությունը կատարելուց հետո մարդու սիրտը կողողվի աստվածային սիրով և օրհնությամբ:

             Անչափ լավ կլինի եթե, որևէ երիտասարդ մաքրի իր հոգում տեղ գտած և դեռևս նոր արմատավորվող յուրաքանչյուր վատ ցանկություն, ինչպես օրինակ նախանձը կամ ժլատությունըª բարենորոգելով իրեն:

             Երիտասարդ հասակում երիտասարդ և ամուր են նաև մարդու կամքն ու որոշումներ կայացնելու կարողությունը: Այս առումով մարդու բարենորոգվելը նույնպես ավելի հեշտ ու դյուրին է: Ծեր հասակում մարդու կամքը թույլ և ծեր է, այս դեպքում մարդը մեծ դժվարությամբ է փոփոխության ենթարկվում:

             Յուրաքանչյուր արարածի հետ սրտանց կապվելը, ինչպիսին էլ վերջինս լինի, Աստծուց հեռանալ է նշանակում:

             Աստծուց բացի որևէ մեկի հետ սրտանց կապը, որը Աստծուց հեռանալու նշան է, հանգեցնում է հոգու խավարի և աստվածային լույսի մարման: Սա մարդկության ամենամեծ վտանգներից մեկն է:

 

Հիշատակում

             Այո, հիշատակության արդյունքում վերանում են ճշմարիտի և հավիտենականության էությունը քողարկող շղարշները և սրտերը մաքրվում են կեղծիքից և ժլատությունիցª մաքրագործվողի առջև բացվում են երկնքի և հավիտենական կյանքի դռները և վերջինս սկսում է վայելել Բարձրյալի օրհնությունն ու բարիքները: Սակայն այստեղ կարևորն այն է, որ մարդու սրտում անդադար վառ լինի հիշատակման գործոնը, որի դեպքում կենդանի է նաև սիրտը և չի հայտնվում մահացածների ազդեցության ներքո: Իհարկե, մենք չենք հերքում նաև մահվան գործոնը, քանզի իսլամական հադիսներից մեկում ասվում է. ՙԲացի Աստծուց ամեն ինչ ենթակա է մահվան և վերացման՚:

             Ուրեմն, ով սիրելիս, Աստծու անունն ու բարիքները հիշատակելիս քո գործադրած բոլոր ջանքերը դեռևս բավարար չեն: Սովորեցրու քո սրտին անդադար կրկնել Աստծո անունն ու գոհանալ նրա բարեգթությամբ, քանզի միակ և անհերքելի ճշմարտությունն Աստված է:

             Ուրեմն, եթե որոշել ես չտրվել քո մարմնական ցանկասիրությանը և մաքրագործել հոգիդ ու սիրտդ մարմնային աղտից, ուրեմն սովորիր անդադար հիշատակել Բարձրյալի սրբազան գոյության մասին:

             Սրտի կենդանացման համար անչափ կարևոր է Աստծո սրբազան անվան հիշատակումը:

             Խիստ կարևոր է, որպեսզի մարդիկ ամեն գիշեր և ամեն ցերեկ գոնե մեկ անգամ ծնկի գան ու աղոթելով մաքրեն իրենց սրտերըª անվերջ հիշատակելով Տիրոջ անունն ու գոհանալով նրա պարգևած բարիքների համար: Սա կարող է մաքրել մարդու հոգին և սիրտը: Բազմաթիվ մաքրագործվողներ հավաստում են, որ զգացել են այս գործողության ազդեցությունը և այդ իսկ պատճառով սկսել են աղոթել և կրկնել Աստծո անունը յուրաքանչյուր գիշեր և ցերեկ:

             Ոչ մի վայրկյան Աստծուց մի հեռացեք: Աստծուց և իրականությունից հեռանալը մարդուն քայքայում է:

             Մաքրագործվելուց հետո անդադար կարդացեք Ղուրանի հրաշագործ այաթները, քանզի այդ ժամանակ ձեր սիրտը կնմանվի նորածին մանկան, որը ցանկանում է, սակայն չի կարողանում խոսել և արտահայտվել:

 

Ցանկությունների ներդաշնակություն

             Եթե մաքրագործվողը կեսգիշերին, կամ մայրամուտից առաջ ընթերցի Ղուրանի Հաշար սուրայի 18 այաթից սկսած մինչև վերջª անդադար կրկնելով և հիշատակելով Աստծու անունը, ապա  Աստծո կամոք անպայման, արդյունքի կհասնի և կգոհանա:

 

             Ուրեմն, եթե որևէ մեկը ցանկանում է հասնել ապավինության և բարեպաշտության բարձրագույն աստիճանին, պետք է հաշվարկի և սահմանափակի իր ցանկություններն ու իր բոլոր հարցերի պատասխանը ոչ թե գիտության, այլª կրոնի ու հավատքի մեջ փնտրի:

             Մարդը պետք է կարողանա իր սիրտը վարժեցնել այնպես, որ վերջինս կարողանա ցերեկվա և գիշերվա ընթացքում հրաժարվել մարմնական ցանկություններից և տրվել հավատքին ու Աստծուն:

             Սիրելիս, հնարավոր է, որ սկզբում փոքր ինչ դժվար լինի պայքարել մարմնի և նրա ցանկությունների դեմ, սակայն պետք է ջանալ և հավատալ, որ մարդու կատարելության և Աստծուն մերձենալու միակ ուղին մաքրագործումն է: Այո, սկզբում դժվար է թվում, սակայն սկզբից ի վեր Աստված օգնում և սատարում է այդ դժվարությունների հաղթահարմանը:

             Մեր նամակը (գործողությունների արդյունքը) Աստծուն և Փրկչին փոխանցվելուց առաջ, հարկն է, որ մենք ինքներս այն կարդանք և խորհենք մեր գործողությունների շուրջ:

  

Աշխարհիկ ընչասիրություն

             Բոլոր անառակությունների վերջնական բուժումը պայմանավորված է աշխարհիկ ընչասիրության և ցանկասիրության բուժմամբ: Քանզի ցանկասիրության բուժման և կանխման դեպքում զսպվում են մարդու աշխարհիկ ձգտումներն ու մարդու սիրտը խաղաղվում է: Եվ եթե որևէ մեկը սկսում է խառնել նրան աշխարհիկ գործերի մեջ, վերջինս չի խառնվում, որովհետև հետաքրքրված չէ աշխարհիկ ցանկասիրությամբ և ընչասիրությամբ:

 

             Աշխարհիկ ընչասիրության և ցանկասիրության հիմնական արմատներն այնքան թույլ և խարխլված են, որ մարդուն դրանցից հեռացնելը բոլորովին դժվար գործ չէ ոչ հրեշտակների և ոչ էլ առաքյալների համար: Սակայն, Աստված մի արասցե, եթե այդ արմատներն ամրապնդվեն և տարածվեն, կդառնան վտանգավոր և կհամակեն աշխարհը:

             Ժուժկալությունը հանդիսանում է առ Աստված տանող ճանապարհի լույսը, որն ուղեկցում է մարդուն դեպի  հավիտենական կյանք ու ճշմարտություն: Այն պետք է ամրապնդվի մարդու սրտում և փոխանցվի  լեզվին, քանզի հադիսներից մեկում նշված է հետևյալը. ՙԵթե որևէ մեկը Աստծո համար 40 օր լռության ուխտ անի, սիրտն ու հոգին կողողվեն օրհնության աղբյուրներով՚:

             Իսլամի  հիմքը բանականությունն է: Աշխատեք հնարավորինս զարգացնել այն և խուսափել ավելորդ արարողակարգերից:

             Սովորեք պարզ ապրել և համեստ կենցաղ ունեցեք: Խուսափեք աշխարհիկ պարագաներից, նյութեղենից, պաշտոններից ու հարստությունից:

             Թագավորական և շվայտ կյանքով դուք չեք կարող պահպանել մարդկային-իսլամական արժեքներ:

             Նյութական և մարմնական կախվածությունն անհատին հետ է պահում մարդկության քարավանից, իսկ դրանցից խուսափելը մարդուն մոտեցնում է մարդկությանը:

             Կանոնակարգված աշխարհը հենց այն է, որտեղ մարդն ուշադրություն է դարձնում ամեն ինչին, յուրաքանչյուր գրքին ու պարագային:

             Եթե ցանկանում եք հյուրընկալվել Աստծուն, ուրեմն մաքրեք ձեր հոգիներն ու խուսափեք աշխարհիկ ձգտումներից:

             Ավելի շատ ուշադրություն դարձրեք ոչ թե ձեր տանն ու ապրուստին, այլ մարդկային վեհությանը: Կարևորեք այն բաները, որոնք ձեզ հաղթանակ են բերում:

             Մի տրվեք այս ժամանակավոր և կարճ աշխարհիկ կյանքի ցանկասիրությանն ու նյութապաշտությանը և մի հեռացեք ձեր Տիրոջից, պահպանեք ձեր ազատությունն ու վեհությունը, մի դարձեք որևէ մեկի գերին կամ ստրուկը, քանզի ամենակարող Աստված ձեզ ազատ և անկախ է արարել:

 

Գոհունակություն

 

             Գոհությունը բաղկացած է մի քանի բաներից, որոնք հանդիսանում են Տիրոջ հանդեպ տածած գոհունակության աղբյուր: Մենք պետք է ամեն կերպ գոհանանք Աստծով և աշխատենք, որպեսզի գոհացնենք մեր Տիրոջը: Մեր կյանքի յուրաքանչյուր հաճելի պահ և ուրախություն կախված են Տիրոջից: Մենք պետք է աշխատենք, որպեսզի մեր գործողությունները գոհացնեն Բարձրյալինª հակառակ օրհնություն և ուրախություն ստանալու, ինչպես նաև բարձր դիրքի հասնելու համար:

 

             Եթե որևէ մեկն ինչ-որ բողոք ունի իսլամական պատգամներից մեկի առումով, ցանկանում է փոփոխել իսլամական պատգամներից մեկը, ավելացնել մեկ ուրիշը, կամ հոգու խորքում ասում է. ՙԵրանի այս պատգամն այնպիսին լիներ, որ՚ ապաª ոչ մի կերպ չի կարող արժանանալ իսլամի գոհությանը կամ գոհանալ իսլամով: Նա չի կարող ի կատար ածել իր այդ փուչ ցանկությունը: Այսպես է նաև մյուս բոլոր հարցերում:

             Ուրեմն, մարգարեությունից ու նրանց ուսմունքից գոհ լինելը չի նշանակում, որ մենք կարող ենք գոհանալ մեզ տրվածով և այլևս չառաջնորդել ու չշարունակել նրանց գործողություններըª որոնք ուղղված են մարդկությանը դեպի հավիտենական կյանք և լույս առաջնորդելուն:

             Գոհունակությունն անչափ ընդունելի և գովելի է Աստծո կողմից: Յուրաքանչյուրը պետք է գոհանա իրեն տրվածով և սիրի Աստծուն եղածի համար: Երբ որ մարդը Բարձրյալի հանդեպ ձեռք բերեց նշված սերն ու գոհունակությունը, կդառնա Աստծո կողմից սիրված էակը, այսինքնª այնպիսին, ինչպիսին, որ պետք է լինի:

 

Ապաշխարություն

              Յուրաքանչյուր անձ պետք է ապաշխարհի և թողություն խնդրի իր գործած մեղքերի և սխալների համար: Սիրտը աղտից ու մեղքերից ազատելուց հետո Ղուրանի ընթերցանությունն ու Աստծու ընդունումն ավելի դյուրին և մատչելի է դառնում:

 

             Ուրեմն, սիրելիս, վախեցիր սատանայի գայթակղությունից և մի հեռացիր քո Աստծուց: Երբեք մի կարծիր, որ հիսուն կամ մի քանի տարի ավել ցոփ ու շվայտ կյանք վարելուց հետո, կարող ես մահվան շեմին մեկ բառով ապաշխարել:

             Յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր գործ կատարելիս ապաշխարհության կարիք ունի: Ապաշխարության դռները բաց են, իսկ Աստծու ողորմություննª անսահման:

             Երիտասարդության տարիներն ապաշխարության գարունն են, երբ մարդու մեղքերն ավելի քիչ, սիրտն ավելի երիտասարդ ու ենթարկվող է, իսկ ապաշխարությունն ու թողությունըª դյուրին:

 

Անկեղծություն

             Մաքրագործման և Աստծո ուսմունքի ընկալման կարևորագույն գործոններից մեկն անկեղծությունն է:

 

             Նրանք, ովքեր Աստծո համար են աշխատում, երբեք տանուլ չեն տալիս: Աշխարհի համար ջանացողները հաճախ են պարտվումª միայն վերջում հասկանալով, որ տանուլ են տվել իրենց ողջ կյանքն ու ժամանակը:

             Կյանքիդ բոլոր ասպարեզներում աշխատիր անկեղծ լինել և հեռացրու քեզանից սատանայական գայթակղություններն ու աշխարհիկ ձգտումները: Այդ կերպ քեզ համար Աստծուն մերձենալն ավելի դյուրին կլինի և քեզ կառաջնորդի ճշմարիտի լույսը:

 

 Երկրպագության ընթացքում կարգապահությունն ու հոգեվիճակը

              Յուրաքանչյուր բարեպաշտ մարդ պետք է երկրպագության և աղոթքի ճշգրիտ ժամ ունենա: Իհարկե, նամազն ամենակարևոր երկրպագությունն է և նրա ժամերը չպետք է խախտվեն: Նամազի ժամերին մարդը չպետք է զբաղվի որևէ այլ գործով: Նամազի ժամանակը պետք է կարևորվի այնպես, ինչպես հարստություն կամ ունեցվածք ձեռք բերելու գործողությունների համար հատկացված ժամանակահատվածը: Երկրպագության և աղոթքի ժամանակ մարդու սիրտն ու հոգին պետք է նույնպես լցված լինեն Աստծով:

 

Լռություն

             Շատ քիչ է պատահում, երբ մարդը կարողանում է քչախոս լինել: Սակայն, լեզվական մեղքերից խուսափելու լավագույն միջոցը լռությունն է: Այս իսկ պատճառով լռությունն ու քչախոսությունն անչափ կարևորվում են:

 

Գոռոզություն

             Ով սիրելիս, արթնացիր խորը քնից և խուսափիր գոռոզությունից, քանզի գոռոզությունը մարդուն դեպի կործանում է տանումª նրան մաքրագործվողներից հետ պահելով: Զգուշացիր, որպեսզի գոռոզությունդ չազդի մարգարեների ուսմունքի և հավատքի ընկալմանդ վրա: Գոռոզությունը սատանայի կարևորագույն գայթակղություններից մեկն է: Սատանան երբեք անգործ չի նստում և նոր ծրագրեր է գծումª մարդուն գայթակղելու և կործանելու համար:

             Քո կարողություններից ելնելով երբեք մի գոռոզացիր, որովհետև գոռոզությունը սատանայություն է: Ինքդ քո հանդեպ միշտ խստապահանջ եղիր և վախեցիր դատաստանից:

 

Բարկություն

             Աշխարհում բարկության կրակի նման այրող շատ քիչ բան կա, որը մարդուն անչափ արագ պարուրում է կրակով և գցում դժբախտության մեջ: Բարկության պահին մարդը կարող է ուրանալ իր հավատքն ու հեռանալ Աստծուց: Շատ ցավալի է, սակայն մեկ վայրկյանի բարկության արդյունքում մարդը կարող է ոչնչացնել իր ամբողջ կյանքը:

 

Ցնորք

             Ով սիրելիս, ցնորքի ու փուչ մտքերի մի հավատա, դա թույլ էակներին և անճար մարդկանց է բնորոշ: Այդ անէական բաների համար Աստծու հանդեպ մեղք մի գործիր:

 

Նվիրում

             Նվիրումը հավատացյալների դրական հատկանիշներից մեկն է, որի միջոցով նրանք ենթարկվում են բանական և հոգևոր սկզբունքներին: Եթե որևէ մեկը նվիրվում է Աստծուն և մարգարեների ուսմունքին և չի հակաճառում նրանց և չի ըմբոստանում, շարժվում է դեպի դրախտ և շուտով կհասնի իր նպատակին:

             Աստվածային ճանապարհով շարժվելիս մարդը պետք է աշխատի գտնել իր առաջնորդին, որին էլ պետք է նվիրվի և ենթարկվի: Մենք մեր առաջնորդ ենք համարում Մեծն Մարգարեին, որը տիրապետում է ամբողջական և ճշմարիտ ուսմունքին: Մարքրագործվողը պետք է հետևի իր առաջնորդի քայլերին և չշեղվի նրանից:

             Բոլոր սատանայություններն ու շեղումները բխում են նրանից, որ մարդը չի ուղղորդվում միակ Աստծով և շեղվում է մարգարեների ճշմարիտ ուսմունքից:

 

Աղոթք

             Աղոթքը մարդուն հեռացնում է չարիքից: Չարիքից հեռանալով մարդը սկսում է հպատակվել Աստծուն, նրա յուրաքանչյուր գործողություն ուղղված է Աստծուն: Սա է աղոթքի բուն և կարևոր նշանակությունը:

             Ռաջաբ և, հատկապես, Շաբան ամիսների ընթացքում աղոթելը նպաստում է, որպեսզի մարդը նախապատրաստվի Աստծո հյուրընկալությանը:

 

Փառաբանություն

             Ով դու անկարող և անճար մարդ, որ քո ամբողջ կյանքի ընթացքում  ապրում ես Բարձրյալ Տիրոջ ողորմության ու բարիքների շնորհիվ, անվերջ փառաբանիր և գոհացիր քո Աստծով: Փառաբանումն ու գոհությունը մարդկանց այն պարտականություններից են, որոնց մասին վերջիններս չպետք է մոռանան քնած, թեª արթուն:

             Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ պարտավոր է փառաբանել Բարձրյալինª անսահման բարիքների և օրհնության համար:

 

Ողջամտություն

             Նրանք, ովքեր զուրկ են ողջամտությունից, որքան էլ որ կամենան չեն կարող համարվել Հազրաթե Սադեղի հետևորդ շիա մահմեդականներ: Նրանք, ովքեր ողջամիտ չեն, հեռու են բանականությունից և կենդանու նման ենթարկվում են իրենց մարմնական ցանկություններին, չեն կարող ենթարկվել Բարձրյալ Տիրոջն ու վայելել նրա արքայությունը:

 

Մեծամտություն

             Հիմար և տկարամիտ մարդիկ սովորաբար մեծամիտ են« իսկ ավելի գործնական և մեծահոգի մարդիկª խոնարհ և հավասարակշռված£

 

 

 

Բծախնդրություն

             Չկա ավելի մեծ թերություն, քան այն, երբ մարդը չի գիտակցում և չի ցանկանում ուղղել իր սխալն ու քննադատում է ուրիշներին: Մարդու ներքին ցանկությունները շեղում են նրան, որպեսզի վերջինս ենթարկվի իր մարմնական ցանկություններին և նկատի միայն ուրիշների թերությունները:

             Ըստ շարիաթի ոչ մի մահմեդական իրավունք չունի թերագնահատել ու չարախոսել մեկ ուրիշ մահմեդականի: Բծախնդրությունն ու չարախոսությունը սատանայական գայթակղություններ են:

 

Անարատ սիրտ

             Անարատ սիրտ ունեն նրանք, ում սրտում Աստծուց բացի որևէ այլ միտք գոյություն չունի և հեռու է չարիքից ու կասկածներից: Վերջինս ընդունում է աշխարհն այնպիսինինչպիսին որ կա և իր ամբողջովին ապավինում է Աստծուն: Անարատ սիրտը չունի որևէ նյութական կախվածություն և ամբողջովին ենթարկվում է Աստծուն:

 

Ապավինում

             Սատանան մարդուն դարձնում է նախ գոռոզ և հետո, զրկում է նրա միտքը բանականությունից և ներքաշում բազմաթիվ մեծ ու փոքր մեղքերի ու հանցանքների մեջ: Յուրաքանչյուր մարդ պետք է ապավինի Աստծուն, քանզի միակ և ճշմարիտ ուղեցույցն ու խորհրդատուն Աստված է, որը կարող է լուծել մեր բոլոր դժվարություններն ու փարատել հոգսերը: Հավատավոր մարդը ոչ մի պարագայում չպետք է հուսահատվի:

             Հուսահատությունը սատանայություն է, իսկ ապավինումըª աստվածային: Միշտ և ամեն ինչում հույս տածեք:

 

Բարեսրտություն և սիրալիրություն

             Նա, ով այլոց հանդեպ բարեսիրտ չէ, պետք է մեկուսացվի հասարակությունից, քանզի վտանգավոր է և մարդ կոչվելու իրավունք չունի:

             Մարդու սիրտը կարելի է գրավել միայն բարեսրտությամբ, սիրալիրությամբ և գեղեցիկ վերաբերմունքով:

             Ոչ մի գործ առանց բարիքի և սիրալիրության չի կարող իրականացվել և լինել ցանկալի:

 

Կայունություն և հաստատակամություն

             Կայունությունն ու հաստատակամությունն են, որ օգնում են մարդուն դիմակայել աշխարհի ճնշումներին և ոտնձգություններինª երկաթե վարագույրի նման պաշտպանելով նրան: Մարդ պետք է հաստատակամ լինի իր բոլոր որոշումներում և հատկապես հավատքում և ոչինչ չպետք է խախտի նրա կամքը:

 

Թույլատրելի

             Գոյություն ունեն շարիաթով թույլատրված գործողություններ, որոնք կատարելը վտանգավոր չէ, սակայն ավելի լավ է դրանցից խուսափել: Դրանք որոշակի բացատրություններ և արդարացումներ են ստանում ավանդազրույցներում և որոշակի պայմանների առկայության դեպքում:

 

Կատակ

             Մարդ պետք է տարբերի կատակըª կեղծիքից, իսկ կատակելիսª երբեք չափը չանցնի:

 

 

Պարսկերենից թարգմանեց Աշխեն Մակարյանը


15:21 - 29/05/2018    /    համար : 706337    /    ցուցադրության քանակը : 23