24/10/2018

 

Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ, / Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ (Հաֆեզ)
Բովանդակություն
Clock
News > Փարվին Էթեսամի Իրանի հանրաճանաչ բանաստեղծուհի


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Փարվին Էթեսամի Իրանի հանրաճանաչ բանաստեղծուհի

       Մարտի 15-ին Իրանում նշվելու է այդ երկրի հանրաճանաչ բանաստեղծուհի, տաղանտավոր պոետ Փարվին Էթեսամիի ծննդյան տարելիցը: Բանաստեղծուհին ծնվել է 1906 թվականի մարտի 15-ին, Թավրիզում: Նրա հայրը՝ ՅուսեՖ Էթեսամին, ականավոր գրականագետ էր, ինչի շնորհիվ մանուկ հասակից աղջնակը հաղորդակցվում էր մեծ բանաստեղծների կյանքին ու ստեղծագործություններին: Մանկության և պատանեկության տարիներին Փարվինը  հոր հետ հաճախ էր ճամփորդում Իրանի տարբեր նահանգներ և արտասահմանª դաստիարակվելով ու կրթվելով ժամանակի գիտնականների և գրականագետների հետ կենդանի շփումներից: Հոր հետ տեղափոխվելով Թեհրան, Փարվինը կրթություն ստացավ տեղի ամերիկյան դպրոցում, որից հետո ամուսնացավ իր հորեղբոր որդու հետ: Ամուսնու հետ տեղափոխվեցին Քերմանշահ քաղաք, սակայն Փարվինը երկու ամիս հետո վերադարձավ հայրական տուն, իսկ ինն ամիս հետո՝պաշտոնապես ամուսնալուծվեց: Ապրելով գրական և հոգևոր ընտանիքում՝ Փարվինի նուրբ բանաստեղծական հոգին չէր կարող համակերպվել ոստիկանին հարիր կարգ ու կանոնով ապրող, աշխարհիկ վայելքներով տարված ոստիկանի հետ և բնականաբար նրանց ամուսնությունը դատապարտված էր:  Նա որոշ ժամանակ աշխատեց Թեհրանի բարձրագույն ինստիտուտումª որպես գրադարանավար և շարունակում էր ստեղծագործել, սակայն շուտով ծանր հիվանդացավ և 1941 թվականի ապրիլի 6 - ին կնքեց իր մահկանացուն: Նրա մարմինն ամփոփված է Ղոմում գտնվող Փեհլևիների ընտանեկան գերեզմանատանը` հոր կողքին:

       Փարվին Էթեսամին բանաստեղծություններ գրել է դեռևս յոթ տարեկան հասակից: Նրա բնածին տաղանդը և բանաստեղծական ապշեցուցիչ մտածողությունը զարմացնում էին հոր հետ առընչվող գիտնականներին ու մտավորականներին: Նրա դիվանը, որում ընդգրկված են ղասիդեներ, մասնավիներ և թամսիլներ, մինչ օրս 8 հազար օրինակով մի քանի անգամ վերատպվել է: Փարվինը մահվանից մի քանի տարի առաջ այրել էր իր դիվանը, ուստի հետագայում հրատարակված որոշ բանաստեղծություններ պահպանվել են հոր կողմից հրատարակվող ՙԲահար՚ ամսագրում: Մալեքօշոարա Բահարը Փարվինի դիվանի նախաբանում գրել է։ ՙԱյս դիվանում համադրված են խոսքի և բանականության երկու տարբեր ժանրեր, որոնք միասին ներկայացնում են մեկ ընդհանուր ամբողջական ժանր: Փարվինի գրական ոճն անչափ ինքնատիպ և գրավիչ է, քանի որ դրանցում համատեղված են Խորասանի կամ Նասեր Խոսրովի գրական ու իրաքյան կամ Ֆարս ոճերը, որոնք յուրահատուկ էին ՀաՖեզին և Սաադիին՚: Պահպանելով ավանդական ու դասական ոճը՝ խոսքի և արտահայտամիջոցների հարցում Փարվին Էթեսամին առավել արդիական ազատ ոճի կողմնակից էր: Փարվինի միտքն ամբողջովին ազատ ու անկախ էր, լի խոհափիլիսոփայական գաղափարներով և ժամանակակից մտածողությամբ:

        Արվեստի և խոսքի օրրան Իրանում բոլորովին էլ տարօրինակ չէ բազմաթիվ տղամարդ գրողների և բանաստեղծների առկայությունը, սակայն տաղանդի« խոսքի վարպետության և գաղափարային առումով, որպես կին ստեղծագործող, Փարվինն աննախադեպ երևույթ է: Փարվինն օժտված էր բանաստեղծին հատուկ բոլոր շնորհներով: Նեզամի Արուզին այս առնչությամբ ասել է։ ՙԳուցե Փարվինն անգիր չէր հիշում դասական բանաստեղծներից տասներկու հազար բեյթ, սակայն իր ստեղծագործություններում այնքան արտահայտություններ, բառեր և համեմատություններ էր կիրառում, որ միայն այդքանն էլ բավական է՚: Փարվին Էթեսամիի միայն ՙԱրցունքի ճամփորդությունը՚ բանաստեղծությունը կարդալով կարելի է պատկերացում կազմել ասվածի մասին: Նրա բանաստեղծություններն ընթերցվում են ամենուրեք՝ պաշտոնական, ուրախության և տխրության արարողություններում,երիտասարդներին և մանուկներին դաստիարակելիս ու խրատելիս և այլն: Իրանցիները Փարվինի ստեղծագործություններին ծանոթանում են դեռևս դպրոցից, քանզի դրանք ընդգրկված են պարտադիր ուսումնական ծրագրերում: Ժամանակակից դասականներից ոչ մեկի ստեղծագործությունները նրա ստեղծագործությունների նման սիրված չեն և ժողովրդականություն չեն վայելում:

            Փարվինը բարոյական և  հասարակական խնդիրներ արծարծող պոետ է: Նա տարրական պարագաների, կենդանիների, թռչունների, թելի և ասեղի, ցորենի ու ոսպի հատիկի միջոցով լավագույնս նկարագրում է կեղեքվածների և չքավորների իրավիճակն ու նրանց խնդիրները: ՙՍաբայից մինչև Նիմա՚ գրքի հեղինակը գրում է։ ՙՆա չի գրում անձնական ցանկությունների, կանացի սիրո և խառնվածքի մասին, փիլիսոփայական ուղղություններից գաղափար չունի և չի ձգտում քարոզել կամ հերքել որևէ ուղղություն, այլ ցանկանում է իր բանաստեղծության և տաղանդի միջոցով բարեփոխել բարոյականությունն ու հասարակությունը՚:

       Փարվինն ապրեց ընդամենը երեսունհինգ տարի, սակայն համարվեց Ֆորուղ Ֆառռոխզադից և Սիմին Բեհբահանիից առաջ եղած իրանցի ամենամեծ և տաղանդավոր բանաստեղծուհին: Համարձակորեն կարելի է ասել, որ նրա ստեղծագործություններում չկա գաղափարների կրկնություն, ինչն ուրիշների մոտ սկսվել էր դեռևս նրանից տասնյակ տարիներ առաջ:

 

Թռիչքի երազանք

Թռչելու իղձով աղավնու մի ձագ

Բացեց թևերը մի օր համարձակ,

Ճյուղից-ճյուղ թռավ, որ հասնի պուրակ`

Տանիքից թռավ մինչև առվի ափ:

Սակայն այդ ճամփան շատ երկար թվաց,

Ամեն ինչ մթնեց աչքերի առաջ,

Ահ ու սարսափից տեղում քարացավ,

Հոգնած ու տանջված կես ճամփին մնաց:

Մերթ մտամոլոր չորս կողմն էր նայում,

Մեկ էլ գլուխը թևի տակ առնում`

Ոչ եղածի հետ կարող էր հաշտվել,

Ոչ էլ կարող էր դեպի ետ թռչել:

Չէր հասկանում թե ինչ եղավ իր հետ`

Տան ճանապարհը կորցրել էր անհետ:

Երեկոն իջավ, քաղցած էր, էր ծարավ

Եվ նույնիսկ քունը աչքերից փախավ:

Թուլացած ընկավ, վախից կծկված.

- Մայրիկ ջան, ու՞ր ես, - ողջ ուժով ճչաց:

 Մոտակա ծառից մայրն այսպես խոսեց.

- Մեծամտության վերջը դա հենց,

Մեծամիտները ընկնում են այդպես:

Թռչելու համար դու դեռ շատ փոքր ես

Համբերություն ու խելք պիտի ձեռք բերես:

Թեռչել քեզ համար դեռ վաղ է, դժվար

Սկսնակները միշտ ընկնում են վար:

Ժամանակը կտա համարձակություն,

Ջանքն ու եռանդը` թևեր ու փետուր:

Դեռ սիրտդ թույլ է, մարմինդ` տկար

Ճակատագրի խաղերը` ներկա,

Դու դեռ չես ելել փողոց ու կտուր,

Չես տեսել վանդակում տանջվելը իզուր`

Երեխաների հաճույքի համար:

Տհաս մտքերով փորձ ձեռք չես բերի,

Չես կարող կյանքում դու առաջ քայլել,

Թե չունես պաշար գիտելիքների:

Կյանքի դասերը պետք է լավ սերտել`

Նախ ամուր կանգնել ոտքերի վրա,

Ապա թռչելու մասին մտածել:

Առանց թևերի անհնար է թռչել,

 Ճախրելուց բացի կա նաև ընկնել:

 

Դամբանական

Այժմ սև հողն է բարձը բանաստեղծի

Ով բարձր էր գրական անդաստանում

Եվ քաղցր էր իր խոսքն ու սիրելի,

Թեև քաղցրություն չճաշակեց կյանքում:

Խոսքերով հարուստ այնքան ու բառերով

Հանգուցյալին տրվող աղոթք ու Յասին  է մուրում

Թող բարեկամները հիշեն նրան.

Տխուր է սիրտը, թե չունի բարեկամ,

Աչքի մեջ հողը շատ է տանջալի,

Իսկ քարը կրծքին ծանր է անտանելի:

Այս մահիճը տեսնելով նա’  դասեր կքաղի

Ով ճշմարտությունը տեսնելու ունակ աչք ունի`

Ով էլ որ լինես, որտեղից էլ գաս

Վերջին կայանդ սա է լինելու:

Մարդը, որոքան էլ ամենակարող,

Անճարակ է դառնում այս սահմանին:

Միակ լուծումը լուռ հանձնվելն է

Եվ հնազանդվելը նրա հրամանին:

Ծնել, սպանել և հանձնել    հողին`

Հնագույն ավանդույթն է աշխարհի:

Այս տանջարանում նա է երջանիկ,

Ով սփոփել է կյանքում գեթ մեկին:

                                                                Թարգմ.  Հովիկ Վարդումյանը 


10:29 - 04/01/2018    /    համար : 695322    /    ցուցադրության քանակը : 56