20/04/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > ՓՈՒՐԻԱ-Ե ՎԱԼԻ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՓՈՒՐԻԱ-Ե ՎԱԼԻ

ՓՈՒՐԻԱ-Ե ՎԱԼԻ

 

Ըմբշամարտը իրանցիների ազգային մարզաձևն է: Երկու հազար տարի իրանցիները համակրանք ունեն այս մարզաձևի նկատմամբ: Որոշ ըմբիշներ փահլևավաններ էին: Փահլևանները սովորաբար բարի գործեր էին կատարում: Նրանք թույլ և աղքատ մարդկանց օգնում էին: Փահլևանները քաղաքը պաշտպանում էին վտանգից: Նրանց արտաքինը մի քիչ տարբերվում էր մյուս մարդկանցից: Օրինակ, նրանցից շատերը երկար բեղեր ունեին:

 

Փահլևանությունը մի տեսակ ապրելակերպ էր:

Իրանի հայտնի փահլևաններից էր Փուրիա-ե Վալին:

Նա տարիներ առաջ ապրում էր Խարազմ քաղաքում:

Հին ժամանակներում Խարազմը Իրանի քաղաքներից մեկն էր, այժմ այս քաղաքը գտնվում է Թուքմենստանում:

Փուրիա-ե Վալին մեծահոգի ըմբշամարտիկ էր:

Այսինքն` օգնում էր մարդկանց և ներում էր այլոց սխալները և բոլորի հետ, հատկապես թույլերի, սիրալիր էր:

Ասում են, որ նա նաև բանաստեղծ էր:

Այս հեքիաթը պատմում է Փուրիա-ե Վալիի մեծահոգություններից մեկի մասին:

 

 

ՍՐՃԱԳՈՒՅՆ ՇԱԼՈՎ ՄԱՐԴԸ

 Գիշեր էր: Աշուն էր: Քամին շրջել էր ուռենիների մեջ: Խարազմի բնակիչները քնած էին: Քաղաքը խաղաղ ու մութ էր: Լսվում էր ծղրիդների ձայնը: Փուրիան քայլում էր փափկորեն: Սպիտակ, լայն տաբատ էր հագել: Լայն ուսերն ասես չէին տեղավորվում շապիկի մեջ: Սրճագույն մի շալ էր կապել մեջքին: Նա ձեռքին ուներ նաև մի պարկ: Փուրիան անցավ փողոցներով, հասավ քաղաքի հրապարակ. գնում էր Միրզայի թեյատունը: Միրզայի խանութի լապտերը միշտ վերջին լույսն էր, որ մարում էր քաղաքում: Փուրիան կանգնեց թեյատան դռան առջև: Ապակու ետևից նայեց խանութի ներսը: Դուռը բախեց ու ներս մտավ: Միրզան լապտերի լույսով գիրք էր կարդում: Փուրիան բարևեց: Միրզան ոտքի ելավ ու ասաց.

 

- Բարևփահլևան:

Փուրիան նստեց ու հենվեց թիկնակին:

- Ի՞նչ նորություն,- ասաց:

-Ոչինչ առանձնապես,-պատասխանեց Միրզան,- Ինչու՞ ուշացար այս գիշեր:

- Քայլում էի փողոցներով,- պատասխանեց Փուրիան:

Միրզան լապտերը Փուրիայի դիմաց դրեց: Փուրիայի մոխրավուն բեղերը լապտերի լույսի ներքո արծաթավուն էին երևում:

- Ծերանում ես,- ժպտալով ասաց Միրզան:

Փուրիան նունպես ժպտաց և երկուսն էլ որոշ ժամանակ լռեցին:

- Վաղը մրցության օրն է,- խորը շնչելով` ասաց Միրզան,- այս գիշեր պիտի լավ քնես:

- Հոգնած չեմ,- պատասխանեց Փուրիան:

- Հաց ու պանրի բողչաները պատրաստել եմ,- ասաց Միրզան:

Ամեն գիշեր Միրզան բողչաներ էր պատրաստում Փուրիայի համար: Յուրաքանչյուր բողչայի մեջ մի կտոր հաց և մի կտոր պանիր էր դնում: Փուրիան հաց ու պանիրը տանում էր ճամփորդների համար: Ճամփորդները քարվանսարայում էին: Փուրիան բողչաները նրանց դռների մոտ էր թողնում: Նա պատրաստում էր ճամփորդների նախաճաշը:

- Այս գիշեր քանի՞ բողչա ես պատրաստել, հարցրեց Փուրիան:

- Քսան բողչա,- պատասխանեց Միրզան:

Փուրիան հինգ արծաթադրամ տվեց Միրզային և ասաց.

- Ձեռքդ դալար:

Միրզան բռնեց Փուրիայի պարկը: Նա բողչաները տեղադրեց պարկի մեջ և ասաց.

- Բորզուին ճանաչու՞մ ես:

- Այո,- ասաց Փուրիան,- վաղը նրա հետ եմ ըմբշամարտելու:

- Նա Զաբոլից է,- ասաց Միրզան,- Զաբոլից եկել է Խարազմ:

- Հեռու տեղից է եկել,- ասաց Փուրիան:

Մշտապես շատ փահլևաններ էին ուղևորվում Խարազմ: Նրանք ուզում էին Փուրիայի հետ ըմբշամարտել, քանզի Փուրիան Իրանի ըմբշամարտի դյուցազն էր:

- Մինչև այսօր շատ փահլևաններ են Խարազմ եկել,- ասաց Միրզան,- սակայն ըմբշամարտում ոչ ոք քեզ չի հաղթել: Ես գիտեմ` դու վաղն էլ կհաղթես:

Փուրիան վեր կացավ , պարկը վերցրեց:

- Վաղը ըմբշամարտը դիտելու կգամ,- ասաց Միրզան,- Խարազմի բնակչության մեծ մասը գիտի, որ դու կհաղթես:

- Քո խոսքերն ինձ ուրախացնում են,- ժպտալով ասաց Փուրիան և կատակելով ավելացրեց,- սակայն վախենում եմ այս գիշեր ուրախությունից չկարողանամ քնել և վաղը պարտվեմ:

Այդ կատակից երկուսն էլ ծիծաղեցին: Փուրիան հրաժեշտ տվեց և դուրս եկավ Միրզայի խանութից: Մեջքի շալը բացեց ու գցեց պարանոցին: Դեմքը ծածկեց ու ճամփա ընկավ:

Փուրիան լուսնի լույսի ներքո հասավ քարվանսարա, ներս մտավ բակ: Քարավնսարաի շուրջ բոլորը ճամփորդների սենյակներն էին: Բոլոր ճամփորդները քնած էին: Փուրիան բողչաները մեկ առ մեկ սենյակների դռան ետևում դրեց և դուրս եկավ քարվանսարայից, հասավ մզկիթ: Մզկիթի կենտրոնական մասի աղոթատեղում մի պառավ արթուն նստած էր: Պառավի ձեռքին ձեռնափայտ կար: Նա Փուրիայի ոտնաձայնից վախեցավ ու բղավեց. ՙԳո~ղ՚: Փուրիան հանգիստ մոտեցավ պառավին և ցածրաձայն ասաց.

 

- Ես գող չեմ, այս բողչան ձերն է:

- Ի՞նչ բողչան է սա, իմ աչքերը չեն տեսնում:

- Դուք կու՞յր եք:

- Այո,- պատասխանեց պառավը:

- Այս բողչան ձեր վաղվա նախաճաշն է,- ասաց Փուրիան:

- Դուք բարի մարդ եք,- ասաց պառավը,- ի՞նչ է ձեր անունը:

- Աստծո արարած,- պատասխանեց Փուրիան,- դուք էլ հիմա գնացեք քնեք, ուշ է արդեն:

- Աղոթում էի,- ասաց պառավը:

- Դուք երազանք ունե՞ք,- հարցրեց Փուրիան:

- Ես միայն մի երազանք ունեմ,- պատասխանեց պառավը:

- Ասեք ձեր երազանքը,- ասաց Փուրիան,- գուցե կարողանամ ձեզ օգնել:

- Ով բարի մարդ,- ասաց պառավը,- դուք ճանաչու՞մ եք Փորիա- ե Վալիին:

- Անունն եմ լսել,- պատասխանեց Փուրիան և ակամա շալը բարձրացրեց մինչև աչքերիը:

- Իմ տղան,- ասաց պառավը,- վաղը նրա հետ գոտեմարտելու է:

- Ձեր տղայի անունը Բորզու՞ է:

- Այո,- պատասխանեց պառավը,- դուք ճանաչու՞մ եք իմ տղային:

- Այո,- պատասխանեց Փուրիան,- ձեր տղան մեծ փահլևան է: Լսել եմ նրա անունը: Դուք չասացիք` ո՞րն է ձեր երազանքը:

Պառավը հառաչեց ու ասաց.

- Ես արդեն պառավել ու հիվանդ եմ: Երազում եմ մահիցս առաջ տեսնեմ տղայիս հերոսությունը: Երազում եմ, որ վաղը ըմբշամարտում հաղթի Փուրիային:

Փուրիան հապաղեց, հետո ասաց:

- Արդյոք գիտե՞ք, որ դա մեծ երազանք է:

- Այո,- պատասխանեց պառավը,- բայց Աստծուց կամենում եմ, որ կատարվի:

- Իմ մայրն էլ հենց նույն երազանքն ուներ,- պատասխանեց Փուրիան:

- Քո մայրն էլ երազում էր, որ հաղթես Փուրիային:

- Մայրս երազում էր, որ տեսներ իմ չեմպիոն լինելը,- ասաց Փուրիան,- սակայն չհասավ իր երազանքին: Երանի բոլոր մարդիկ հասնեն իրենց երազանքներին:

Մի պահ երկուսն էլ լուռ էին, հետո Փուրիան ասաց.

- Բարի գիշեր:

- Բարի գիշեր, բարի` երիտասարդ:

Եվ Փուրիան վերադարձավ տուն:

Առավոտ եղավ: Խարազմի մարդիկ խումբ առ խումբ դեպի քաղաքի հրապարակ էին գնում: Ծեր ու երիտասարդ փահլևանները քաղաքի հրապարակում սպասում էին Փուրիային:

Փուրիան արթնացել էր քնից: Ծիսալվացումն ու իր առավոտվա աղոթքը կատարել էր: Փառաբանելով Աստծուն` վեր ելավ, կանգնեց հայելու առաջ և ինքն իրեն ասաց. ՙԲարի լույս, ծերուկ՚: Սպիտակ վերնաշապիկն ու տաբատը հագավ, մեջքի շալը կապեց, բեղերը սանրեց ու դուրս եկավ տնից: Շարժվեց դեպի քաղաքի հրապարակը: Ճանապարհին մարդիկ ողջունում էին նրան:

- Բարև, Փուրիա,- ողջունեց մի երեխա:

- Բարև փահլևան,- ասաց մի երիտասարդ:

- Աստծո աջը քեզ հետ, երիտասարդ,- մաղթեց մի ծերունի:

- Այսօր էլ կհաղթես,- ասաց մի ջուր ծախող:

Փուրիան քայլում էր փափկորեն: Անցավ երկաթագործի փակ խանութի առջևից: Շուկան նրա պատվին ավլել ու լվացել էին: Մի աղջնակ մի փունջ վայրի ծաղիկներ նվիրեց նրան:

- Ձեռքդ դալար,- Փուրիան դիմեց աղջնակին,- ի՞նչ է անունդ:

- Ֆիրուզե:

- Ի~նչ գեղեցիկ անուն, ո՞րն է քո ամենամեծ երազանքը:

- Երազում եմ, որ աստղերը իմ շրջազգեստի կոճակները դառնան,- պատասխանեց աղջնակը:

 

 

Փուրիան շոյեց աղջնակի գլուխն ու համբուրեց նրան: Հասավ քաղաքի հրապարակ: Հանեց գլխարկը: Փահլևանները կանգնել էին հրապարակի երկու կողմերում: Կանայք ու երեխաները նրա գլխին ծաղիկներ էին թափում: Փահլևանները գլխակները հանեցին: Բորզուին և նրա մորը տեսավ հրապարակի մյուս կողմում: Պատվանդանի վրա նստեց Միրզայի կողքին:

- Երեկ գիշեր լավ քնեցի՞ր,- հարցրեց Միրզան:

- Այո,- պատասխանեց Փուրիան:

- Էն կույր կինը Բորզուի մայրն է,- ասաց Միրզան:

- Դեմքը ծանոթ է,- ասաց Փուրիան և այլևս ոչինչ չխոսեց:

Հրապարակի շուրջ բոլորը նստել էին հանդիսատեսները: Մեկը մյուսի հետ, զրուցում էին: Մորշեդը` մրցավարը. հրապարակի մի կողմում նստել էր պատվանդանին: Հանդիսատեսները կամաց-կամաց լռեցին: Մորշեդը աղոթք կարդաց, այնուհետ հանդիսատեսից խնդրեց փառաբանել Տիրոջը:

Բորզուն և Փուրիան մոտեցան իրար: Հանեցին շապիկները: Համբուրեցին մեկ-մեկու դեմքն ու գլուխը, մի քիչ կռացած` սևեռուն աչքերով նայեցին իրար: Մի անգամ պտտվեցին: Բորզուն մի քայլ առաջ եկավ: Փուրիան նայեց Բորզուի ոչ խիտ բեղերին: Բորզուն էլ նայեց: Բորզուն ավելի մոտեցավ: Փուրիան նույնպես մոտեցավ: Բորզուի և Փուրիայի մատները իրար ագուցվեցին:

Բորզուն արագորեն բռնեց Փուրիայի ծնկի ետևի մասը: Բորզուն ցանկանում էր ծալել Փուրիայի ծունկը: Փուրիայի ծունկը չծալվեց: Բորզուն բաց թողեց ծունկը: Փուրիան նայեց կույր պառավին: Պառավը գլուխը մի կողմից մյուս կողմ էր թեքում, կարծես ցանկանում էր տեսնել գոտեմարտը: Փուրիան ցանկացավ Բորզուի ոտքի կոճը բռնել: Բորզուն ոտքը ետ քաշեց: Մի ակնթարթում Բորզուն բռնեց Փուրիայի մեջքը: Բորզուն ցանկանում էր բարձրացնել Փուրիային: Ձեռքը օղակեց Փուրիայի մեջքին: Փուրիայի մարմինը սյունի պես ամուր ու աներեր էր: Փուրիան նորից նկատեց պառավին: Այս անգամ ոտքը մի քիչ թուլացրեց և ինքն իրեն ասաց.

ՙՀիմա պիտի ոտքս բռնի՚: Բորզուն բաց թողեց Փուրիայի գոտին, բռնեց նրա մի ոտքը: Հիմա Փուրիան մի ոտքի վրա էր կանգնած: Նորից նայեց պառավին, մտածեց. ՙՀիմա պիտի գոտկատեղս բռնի՚: Այդ նույն պահին Բորզուն մյուս ձեռքով բռնեց Փուրիայի գոտին: Փուրիան ոչինչ չարեց: Սպասում էր, որ Բորզուն նրա գոտկատեղից բռնած, վեր բարձրացնի: Բորզուն արեց այդ բանը: Մի ակնթարթում Փուրիան գետնին տապալվեց: Հանդիսատեսները լռեցին, սակայն Փուրիան իր սրտում ժպտաց:

Վեր կացավ գետնից, համբուրեց Բորզուին և իր չեմպիոնական բազկակապը տվեց նրան: Հիմա Բորզուի մայրն էլ ժպտում էր:

Մի քանի օր անց կույր պառավը հարցրեց Միրզային.

- Մի բարի մարդ մեզ համար հաց ու պանիր է բերում, դուք նրան ճանաչու՞մ եք:

- Այո,- պատասխանեց Միրզան:

- Ի՞նչ է նրա անունը,- հարցրեց պառավը:

- Աստծո արարած,- պատասխանեց Միրզան:

 

 

ԱԲՈՒԶԱՐ ՔԱՐԻՄԻ

Պարսկերենից թարգմանեց

Էդուարդ Հախվերդյանը

1. Մրցավարը, նա ով մարզիկներին ուղղություններ է ցույց տալիս:

 

 


14:38 - 26/12/2017    /    համար : 694665    /    ցուցադրության քանակը : 40