17/07/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > ՙՅալդա՚. Արևի, Միհրի ծննդյան գիշեր


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՙՅալդա՚. Արևի, Միհրի ծննդյան գիշեր

Երկրի հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար գիշերն իրանցիները ՙՅալդա՚ կամ ՙՉելլե՚ են կոչում: Իրանցի հետազոտողների, այդ թվում տոմարագետ, հնագետ Ռեզա Մորադիի վկայությամբ ՙՅալդան՚ արամեկան բառ է, որը նշանակում է ծնունդ : Իրանական տոմարի համաձայն այն աշնան վերջին ամսվա վերջին  օրվա` ազարի 30-ի գիշերն է` մինչև արևածագ, դեյի 1-ը, որը կոչվել է ՙխուրռուզ՚ (արևի օր): Այն համընկնում է դեկտեմբերի 21-ի լույս 22-ի հետ, տևողությունը շուրջ 14 ժամ է: Իրանում դարեր շարունակ մեծ խանդավառությամբ նշվել է ՙՅալդան՚` ձմեռնամուտը: Այն անվանվել է նաև ձմեռային ՙհեղափոխություն՚ և ավանդաբար նշվում է մինչև այսօր: Այդ գիշեր չորամրգերով, չրերով ու թարմ մրգերով լի սեղան են պատրաստում, որից անպակասեն նուռը, ձմերուկը և փշատը: Այլ կերպ ասած` այդ սեղանի վրա կարևորվում են կարմիր գույնով մրգերը, որոնք խորհրդանշում են արևի գույնը, քանզի պատմական Իրանում ՙՅալդան՚ նշվել է իբրև Արևի, Միհր աստծո ծննդյան օր: ՙՅալդայի՚ սեղանը կոչվում է ՙՄիազդ՚ (Myazd):  Գրող, հետազոտող Շոքուհ Միրզադեգին այս առնչությամբ նշում է, որ ՙՅալդան՚ Իրանում ավելի քան 4000 տարվա պատմություն ունի , հավելելով, որ այդ ժամանակաշրջանում Իրանում տարածված էր Միտրա կամ Միհր աստծո պաշտամունքը: Նա նշում է նաև, որ այդ գիշեր խավարի ու լույսի միջև պայքար է տեղի ունենում, ինչի ընթացքում հաղթում է լույսը, ուստի մարդիկ արթուն էին մնում, որ տեսնեն արևածագը : Ղիասաբադին հերքելով այն տեսակետը, թե ՙՅալդան՚ նշվում է դրա չարագուշակությունը չեզոքացնելու նպատակով, ասում է, որ այդ համոզմունքը պատմական անցյալ չունի և տարածվել է վերջին շրջանում: Ըստ նրա այն մեծ շուքով տոնվել է որպես արևի ծննդյան օր, ինչի մասին հստակորեն հիշատակել է նաև իրանցի հանրաճանանչ մաթեմատիկոս, աստղագետ Աբու Ռեյհան Բիրունին: Ղիասաբադիի կարծիքով ավելի ուշ` միտրականության (հետագայում Միհրի պաշտամունքի) ժամանակաշրջանում, դեյի 1-ը նշվում էր որպես Միհրի ծննդյան օր, միտրայական տոմարի Ամանորի առաջին օրը, երբ հատուկ ծիսակատարություններ էին տեղի ունենում: Նրա վկայությամբ որոշ ազգություններ ոչ միայն ՙՅալդան՚ են տոնում, այլև մինչև հիմա կիրառում են նաև  միտրայական ձմեռային տարեցույցը, ինչպես օրինակ` Պամիրի և Բադախշանի (Ա‎‎‎‎‎‎‎ֆղանստանի հյուսիսում և Տաջիկստանի հարավում) տեղական տարեցույցներն են:  Նա նշում է, որ Իրանում Արշակունինների իշխանության օրորք միտրայականությունը մշակույթների փոխառնչությունների շնորհիվ տարածվել է նաև ողջ Եվրոպայում, որտեղ Միհրի ծնունդը նշվում էր մեծ շուքով: Իսկ հետագայում, Ք.ծ.հ. 4-րդ դարում, երբ Հռոմի կայսրը քրիստոնեություն ընդունեց, միտրայական ծեսերին ու տոներին տրվեց քրիստոնեական բովանդակություն, ի հետևանս որի ՙՅալդան՚ համարվեց Քրիստոսի ծննդյան օրը:  

Այս առնչությամբ հատկանշական է տոմարագետ Սերգեյ Սիմոնյանի կարծիքը. ՙԱրև Աստծու որդու` Միհրի ծննդյան տոնակատրությանը վերջ դնելու համար Հռոմի եղեղեցին 451թ. Քաղկեդոնի ժողովում որոշեց դեկտեմբերի 25-ին նշել Քրիստոսի ծննդյան օրը: Այդպիսով Հայկ-Արև Աստծու որդի Միհրն աստիճանաբար մոռացվեց և դեկտեմբերի 25-ը դարձավ Հիսուսի ծննդյան օրը՚:  Ինչպես իրանցի գիտնականները, Սիմոնյանն էլ 21-ի փոխարեն 25-ը նշելը բացատրում է տոմարական խախտումների հետևանքով: Նշենք, որ արևմտյան պատմաբաներից շատենր են կիսում են այս տեսկետը, օրինակ, բելգիացի հայտնի միտրայագետ Ֆրանց Քոմունը, ով շեշտում է, որ այն վերցվել է իրանական մազդեսինայից ու միհրապաշտությունից: Սակայն անցյալ դարի 70-ականներից սկսված այս տեսակետը խիստ քննադատության ենթարկվելով, վերանայվել է, վերածվելով բանավեճի առարկայի: 

Ի դեպ, պատմական դարաշրջանում, մասնավորապես Արշակունիների ժամանակ, իրանցիները ՙՅալդայի՚ գիշերը սեղանների շուրջ անցկացնելով, հետո գնում էին այդ նպատակով կառուցված քառակամար հատուկ շինություններ` տեսնելու արևի ձմեռային ՙհեղափոխության՚ կետին հասենելը` դիտելու նրա նոր ծնունդը: Ղիասաբադին ուսումնասիրել է Իրանում դեռևս որոշ չափով կանգուն մնացած այդ կառույցները, որոնք կիառվում էին տարեցույցը կազմելու համար: Նա նշում է, որ այդ կառույցները նախագծված են այնպիսի մեծ ճշգրտությամբ, որ դրանցում հստակորեն կարելի է դիտել արևի ձմեռային ՙհեղափոխության՚ կետին հասնելը, միտրայական Նոր տարվա վրա հասնելը, ինչը վկայում է մաթեմատիկական, աստղագիտական, հաշվարկումների ոլորտում իրանցիների կարողությունների մասին :  Հատկապես լավ է պահպանվել Քաշանի մոտ գտնվող Նիասեր քառակամարը:

Անդրադառնալով ՙՅալդայի՚ ծիսակատարություններին ու սովորույթներին նշենք, որ համաձայն որոշ աղբյուրների, այդ օրն Իրանի թագավորնրը հետևելով միհրապաշտության ավանդույթներին, դեյի 1-ին արքայական թագը մի կողմ դնելով, սպիտակ զգեստներ էին հագնում և դուրս գալիս դաշտ, նստում սպիտակ գորգի կամ կարպետի վրա: Այսպիսով թագավորները հավասարվում էին հասարկ մարդկանց, ազատ էին արձակվում ճորտերը, վերանում էին ղեկավարի ու ենթակայի միջև տաբերությունները:

Հատկանշական է, որ այդ ավանդույթը խիստ նման է հայկական Բարեկենդանի տոնի ամենատարածված սովորույթներից մեկին, որի համաձայն բոլոր մարդիկ հավասար իրավունքներ են ստանում, իշխում է խոսքի իսկական ազատությունը, վերանում դիրքի տարբերությունը և կարևորվում համեմված հումորով քննադատական խոսքը: Թևածում են կատակները, սրամիտ երկխոսությունները, որոնց ժողովուրդն անվանել է ՙլեզվակռիվ՚ :

Զրադաշտականները ՙՅալդան՚ չեն տոնել, թեև Ղեյսաբադիի վկայությամբ վերջին տարիներին նրանք ևս բոլոր իրանցիների նման սկսել են նշել այն: Ի դեպ,  իրանհայերը նույնպես ձմեռնամուտի սեղան են պատաստում: 

Այսօր Իրանում հարազատներով, բարեկամներով հավաքվելով ՙՅալդայի՚ սեղանի շուրջ, ուրախանում են մինչև ուշ գիշեր: Իրանի   Ատրպատականի  նահանգներում, սովորույթի համաձայն, զարդարված սկուտեղով բաժին են ուղարկում նշանվածների տուն, բացի այդ ձմերուկ են զարդարում: Իսկ մերձկասպյան շրջաններում ձուկ են զարդարում: Խորասնում այդ խնջույքներն ուղեկցվում են Ֆիրդուսիի ստեղծագործությունների ընթերցմամբ, իսկ Շիրազում` Հա‎ֆեզի, թեև վերջինիս ստեղծագործությունների ընթերցումը, կարելի է ասել, համատարած բնույթ է կրում: 

 

 

ԷմմաԲեգիջանյան 


12:05 - 22/12/2017    /    համար : 694378    /    ցուցադրության քանակը : 45