24/10/2018

 

Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ, / Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ (Հաֆեզ)
Բովանդակություն
Clock
News > ՈՏՔ, ՈՐԸ ՄՆԱՑ ԱՅՆՏԵՂ՚


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՈՏՔ, ՈՐԸ ՄՆԱՑ ԱՅՆՏԵՂ՚

 

ՙՈՏՔ, ՈՐԸ ՄՆԱՑ ԱՅՆՏԵՂ՚

 Իրան-իրաքյան 8-ամյա պատերազմի թեման Իրանի ժամանակակից գրականության մեջ իր ուրույն տեղն ունի, եւ մեծ թվով բանաստեղծներ ու արձակագիրներ, ովքեր պատերազմի մասնակից են եղել, իրենց գրականության առյուծի բաժինը հենց այդ թեմային են նվիրել: Բացի այդ, զգալի են նաեւ պատերազմական հուշագրությունները: Ինչպես հայտնել էր ՙՖարս՚ գործակալությունը` 2012 թ. մայիսի 4-ին տեղի է ունեցել Սեյեդ Նասեր Հոսեյնիփուրի ՙՈտք, որը մնաց այնտեղ՚ 768 էջանոց գրքի շնորհանդեսը: Դա հեղինակի հուշերն է Իրաքի Սալահըդդին զորանոցին կից ռազմագերիների ճամբարից, որոնք վերածվել են մնայուն մի գործի:  Գիրքը  տպագրել  է  ՙՍուրեհ-ե  Մեհր՚  հրատարակչությունը  եւ շատ կարճ ժամանակահատվածում վերահրատարկվել է 15 անգամ:

Սալահըդդին   զորանոցին   կից   ռազմագերիների   ճանբարում,   որը գտնվում էր Թաքրիտից (Սադամի ծննդավայրը) 15 կմ հեռավորության վրա, 4500 ռազմագերի է եղել, որոնցից 320-ը զոհվել են: Այնուհետեւ նա իր գրառումները շարունակել է տարբեր բանտերում եւ ճամբարներում: Հոսեյնիփուրը 16 տարեկանում տանից փախել եւ կամավոր ռազմաճակատ է մեկնել Քոհքիլուե եւ Բոեյեր-Ահմադ նահանգից, որտեղ էլ տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը: Ռազմական գործողությունների ժամանակ պատանին վիրավորվել, կորցրել է մի ոտքը: Վիճակը թեթևանալուց հետո տեղափոխել են ռազմագերիների ճամբար: Նրան ներկայացրել են իբրեւ իրանցի զոհված գեներալ Ալի Հաշեմիի սուրհանդակ, այդ պատճառով էլ ենթարկվել է ամենադաժան կտտանքների: Հեղինակը ՙՄոջահեդին-ե խալղ՚  (Իրանի Իսլամական վարչակարգի զինված ընդդիմադիր ՙՄոջահեդինե խալղը՚ (հանուն  ժողովրդի  մարտնչողներ)  (ՄԽ)  վտարանդի  կազմակերպություն  է,  որը 1980-ից տեղակայված է Իրաքում եւ վայելում էր Սադամ Հուսեյնի վարչակարգի լայնածավալ հովանավորությունը: ՄԽ-ն իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրաքցի զինվորների կողքին կռվում էր ընդդեմ սեփական հայրենիքի, ավելին` իրականում այն միահյուսվել էր Սադամի վարչակարգի անվտանգության ուժերի հետ: Ուստի ՄԽ-ն ոչ միայն Իրանի բնակչության շրջանում հեղինակություն չունի, այլեւ նրան խիստ դեմ են տրամադրված նաև իրաքցիները: Թերևս դա էր պատճառը, որ իրաքյան պատերազմի ընթացքում անգլո-ամերիկյան ուժերի թիրախ դարձան նաեւ ՄԽ-ի  բազաները:  ՄԽ-ն  ընդգրկված  է  ԱՄՆ,  Մեծ  Բրիտանիայի  եւ  Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, որի խոստովանությամբ տարեկան 300 ահաբեկչական գործողություն էր իրականացնում Իրանում:)      կազմակերպության մասին գրքերի վերջին էջերից, օրաթերթերի եզրերից ու ծխախոտի թղթերից պատրաստած ծոցատետրում յուրաքանչյուր օր կոդավորված գրի է առել տվյալ օրվա դեպքերը, ինչպես նաեւ 780 ռազմագերիների անունները, տեղադրել ձեռնափայտերի մեջ եւ 1980թ. հուլիսի 4-ին ազատ արձակվելով կարողացել է բերել իր հետ:

Նշենք, որ գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2011թ. դեկետեմբերին:

ՙՖարս՚ գործակալությունը, հաշվի առնելով գրքի նման հաջողությունը, որոշել է պարբերաբար որոշ հատվածներ հրապարակել:

Ստորեւ ներկայացնում ենք նշյալ գործակալության հրապարակած ուշագրավ մի հատված, որը գործակալությունը վերնագրել է ՙ Իրանցի վիրավորներին ջուր հասցնող հայ զինվորը՚.

 

Մի սափոր ջուր

1988թ. հուլիս . Բաղդադի Ալ Ռաշիդ բանտում

 

Երրորդ օրն էր, ինչ Ալ Ռաշիդ բանտում էի: Անցյալ գիշեր ծարավը շատ տանջեց, բայց ոտքիս հարցում հանգիստ էի, քանի որ ոչ ոք քացով չէր խփել: Պարզվում է, որ ազդրիս հետնամասում բեկոր կար: Ես մինչև այսօր չէի նկատել, սեղմեցի, թարախը դուրս ժայթքեց:

Առավոտյան  ժամը  8-ն  էր,  որ  մեզ  դուրս  տարան:  Կողքի  ճամբարից մի խումբ վիրավոր ռազմագերիների բերել էին մեզ մոտ: Ծանոթացա Թալաիե, Ջաֆիր, Ջազայեր եւ Հարավային ու Հյուսիսային Մաջնուն  շրջաներից  գերի  ընկածների  հետ:  Թեև  կանոնավոր  բանակից գերեվարվածների մեծամասնությունը մեզանից աջ գտնվող ճամբարում էր, սակայն մեր` կամավորականների ճամբարում էին 92-րդ զրահապատ դիվիզիայից մի խումբ տղաներ, որոնք գերի էին ընկել Քուշք եւ Թալաիե շրջաններում: Պարեկները ռազմագերիներից մեկի հոնքերը ծխախոտի կրակով այրել էին, նրա միակ մեղքը մորուք ունենալն էր:

 

Ինձ խնամելու պարտականությունն ստանձնել էր հայ զինվորը

 

Այսօր առավոտյան աշխատանքի բաժանում էին կատարել, եւ յուրաքանչյուր առողջ գերի իր վրա էր վերցրել վիրավորներից մեկին խնամելու պարտականությունը: Ինձ եւ Յադոլլահ Մազրուիի նման վիրավորներին, որոնց վիճակն ավելի ծանր էր, երկու հոգի էին խնամում: Ինձ խնամում էին Ամու Հասանը եւ հենց այն բարյացակամ ու պատասխանատվության բարձր զգացողությամբ հայ զինվորը: Անցյալ օրը ողջ գիշեր նա խնամում էր ինձ: Չնայած այդ պայմաններում ոչ մի բան չէր կարող անել, բայց ողջ գիշերը կողքիս նստելը հուսադրում էր, ուժ տալիս:

Առավոտյան, երբ գերիներին դուրս էին տանում, նա ինձ զուգարանից դուրս հանեց եւ ամեն ինչ անում էր, որ հանկարծ մեկը չդիպչի ոտքիս:

 

Սարգիս Դավիթյանցը, ում համակրեցի հենց առաջին իսկ օրվանից

 

Այդ դժվարին ու ծանր օրերին, ես ինձ լավ էի զգում, երբ խնամում էր հայ զինվորը:

Նա գերեվարվել է Քուշք կամ Թալաիե շրջանում: Հետևակի զինվոր էր, ծառայում էր 92-րդ զրահապատ դիվիզիայում: Հենց առաջին հանդիպումից համակրեցի նրան: Անունը հարցրի, ասաց.

- Ես Սարգիս Դավիթյանցն եմ:

Առաջին  մեկ-երկու  օրերին  դժվարությամբ  էի  արտասանում  նրա անունը. բայց հետո սովորեցի:

 

Այն օրը, երբ խիստ ծարավի պատճառով հրաժարվեցինք նախաճաշից

 

Ճաշից առաջ էր: Իրաքցիներն առողջ գերիներին բանտի բակում նստեցրել էին կիզիչ արեւի տակ: Դավիթյանցը կողքիս էր: Տղաները խիստ ծարավի պատճառով հրաժարվել էին նախաճաշից: Իրաքցիներն ուզում էին նախորդ օրվա նման մեզ տանջել ծարավ պահելով: Պարեկներն ու քննիչները ցանկանում էին մեր վիճակն ավելի ծանրացնել, քանի որ տղաները չէին հայտնել իրենց հրամանատարների անունները:

 

Դավիթյանցը եկավ մի սափոր ջրով

 

Ճաշից առաջ էր, երբ Դավիթյանցը գնաց իրաքցի մի պահակի մոտ եւ վերադարձավ ջրով լիքը սափորը ձեռքին: Շատ զարմացա, որ իրաքցի պահակը ջուր էր տվել նրան, հարցրի.

- Էդ ինչպե՞ս եղավ, որ քեզ ջուր տվին:

Դավիթյանցը, որ ինքն էլ շատ ծարավ էր, պատասխանեց.

- Մի կեպ վերցրի, բայց այնպես խմեք, որ բոլոր վիրավորներին հասնի:

 

Դավիթյանցն ինքը ջուր չխմեց.

 

Չնայած  ջուրը  սառը  չէր,  բայց  փրկություն  էր: Դավիթյանցն  ինքը ջուր չէր խմում: Ես էլ խմեցի ու հարցրի.

- Դավիթյանց, պարեկները ոչ մեկին ջուր չեն տալիս, սա ո՞նց պատահեց:

- Պահակներից մեկը հայ է, ինձ լավ է նայում, ջուրը նա է տվել:

Դավիթյանցը սիրալիր, անձնուրաց անձնավորություն էր: Նա ինքն էր սափորը մոտեցնում վիրավորների բերանին, որ մի քանի կում խմեն: Իրաքցի  հայ  պահակը  հարգանքով  էր  վեաբերվում  Դավիթյանցին  եւ  թվում էր, թե մյուս պահակներին էլ զգուշացրել էր, որ լավ վերաբերվեն նրան: Նրանք էլ, հարգելով իրենց գործընկերոջը, հանգիստ էին թողնում Դավիթյանցին: Եթե նրա փոխարեն ուրիշը լիներ, իրաքցիները երբեք թույլ չէին տա, որ վիրավորներին ջուր տար: Սակայն հաջորդ օրերին սահմանափակվեց նրա ազատությունը, այլևս չէր կարողանում առաջվա պես մեզ օգնել:

 

Դու հայ ես, ինչու՞ ես հանուն Խոմեյնիի կռվում

 

Այդ  օրն  իրաքցիները  եկան  Դավիթյանցի  մոտ  եւ  սկսեցին  խոսել հետը: Նրանց հետ էր նաև իրաքցի հայ պահակը: Նրանց ավագը Դավիթյանցին հարցրեց.

- Դու հայ ես, ինչու՞ ես հանուն Խոմեյնիի կռվում:

- Ճիշտ է, ես հայ եմ, բայց իրանցի եմ, զինվոր եմ, ծառայում եմ բանակում:

Ավագի  ու  մյուս  պահակների  դեմքերն  այլայլվեցին:  Զգացի,  որ Դավիթյանցի խոսքերը նրանց բնավ դուր չեկան: Նրանք ցանկանում էին, որ Սարգիսը զղջար եւ Իրանին ու Էմամին հավատարիմ չլիներ:

Ավագը, որ հայ պահակի խնդրանքով լավ էր վերաբերվում նրան, շարունակեց.

-  Դասալքվեիր,  փախչեիր  Իրաք,  գիտես,  թե  ինչքան  շատ  հայեր են ապրում Իրաքում: Մենք` իրաքցիներս, հայերի հետ գործ չունենք,- ապա մեզ մատնացույց անելով, ասաց.

- Մենք սրանց հետ գործ ունենք` Խոմեյնիի պահապանների: Սրանք են ուզում Իրաքը ոչնչացնել, ուզում են պարտության մատնել մեզ: Խոմեյնին ուզում է Իրանից զատ նաեւ Իրաքի նախագահը լինի: Սրանք են մեր թշնամիները, ոչ թե հայերը

 

Իրանահայերն իրաքցիների հետ  կապված լավ հիշողություններ չունեն

 

Զգում էի, որ Դավիթյանցը չի ցանկանում բանավեճի մեջ մտնել, գուցե լռում էր հանուն այն հայ պահակի, որն իրեն օգնել էր, սիրալիր էր եղել իր հանդեպ: Թվում էր, թե ինչ-որ բան տանջում էր նրան, հոգոց հանելով, շատ կարճ ու հակիրճ պատասխանեց.

- Իրանահայերը լավ հուշեր չունեն իրաքցիների հետ կապված: Դուք Թավրիզում Փանոսյանների ու Հարությունյանների ընտանիքներին սպանեցիք քնած ժամանակ: Մի հոգի անգամ կենդանի չի մնացել:

 

Թարգմ.  Էմմա Բեգիջանյանի

 

 

 

 


09:43 - 23/02/2018    /    համար : 607630    /    ցուցադրության քանակը : 197