20/04/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Սուրբ Ղուրանի նոր թարգմանություն - Սուրահ «Նուր»


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Սուրբ Ղուրանի նոր թարգմանություն - Սուրահ «Նուր»

Սուրահ «Նուր»

 

Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

 

 

1.           Մենք այս սուրահը իջեցրինք և այն  անհրաժեշտ դարձրինք: Այն  պարունակում է  անյպիսի հստակ նշաններ, որոնցով դուք խրատվելու եք:

 

2.           Շնացող կանայք ու տղամարդիկ պատժվելու են մտրակի հարյուր հարվածով: Նրանց նկատմամբ ձեր գթասրտությունը չպետք է արգելի իրականացնել Աստծո վճիռը, եթե հավատում եք Աստծուն և վերջին դատաստանի օրվան: Թող մի քանի հավատացյալ վկա լինեն նրանց պատժին:

 

3.           Շնացող մարդը կարող է ամուսնանալ միայն շնացող կնոջ կամ կռապաշտ կնոջ հետ: Իսկ շնացող կինը պետք է ամուսնանա միայն շնացող մարդու կամ կռապաշտի հետ: Հավատացյալներին արգելված է սա (նման մարդկանց հետ ամուսնանալ):

 

4.           Նրանք, որոնք մի առաքինի կնոջ մեղադրում են շնանալու մեջ, բայց չեն կարող չորս վկայով ապացուցել իրենց ասածը, պետք է ստանան մտրակի ութսուն հարված: Բացի դրանից, նրանք, անպարկեշտ մարդ համարվելով, այլևս չեն կարողանալու որևէ վկայություն տալ:

 

5.           Իսկ նրանք, որոնք զղջում են ու դառնում առաքինի, (կարող են ակնկալել աստվածային գթությունը), քանզի Աստված գթած և ողորմած է:

 

6.           Այն ամուսինները, որոնք իրենց կանանց մեղադրում են (անբարոյականության մեջ), իրենցից բացի այլ վկա չունենալով՝ պետք է չորս անգամ երդվեն Աստծո անունով, որ ասում  են ճշմարտությունը:

 

7.           Ու հինգերորդ (երդման պահին) պետք է Աստծո անեծքը կոչեն իրենց վրա, եթե երբևէ սուտ խոսեն:

 

8.           Կինը չպետք է պատժվի, եթե չորս անգամ հանուն Աստծո երդվի, թե շնանալու վերաբերյալ իր ամուսնու մեղադրանքն անհիմն է:

 

9.           Իսկ հինգերորդ երդումով աստվածային զայրույթը  պետք է հրավիրի իր վրա, եթե (նրա ամուսինը) ճշմարտախոս է, (և ինքը մեղավոր է):

 

10.        Եթե ողորմած ու իմաստուն Աստված չգթար ձեզ, ( ձեզանից շատերին անմիջապես կպատժեր):

 

11.        Հիրավի, նրանք, որ մի սուտ են ասել, ձեր խմբից էին: Բայց դուք դա դժբախտություն մի համարեք: Ընդհակառակը, դա ձեզ համար նպաստավոր է: Նա, ով մեղավոր է այդ ոճրի մեջ, կպատժվի: Իսկ նա, ով այդ հանցանքի հիմնական մեղավորն է, սարսափելի պատժի կենթարկվի:

 

12.        Երբ լսեցիք մեղադրանքը, հավատացյալ տղամարդիկ ու կանայք մի՞թե չմտածեցին, թե ինչին պետք է հավատալ, և մի՞թե չասացին, որ դա մի անպարկեշտ սուտ է:

 

13.        Ամբաստանյալները ինչու՞ չորս վկա չբերեցին: Իսկ եթե վկաներ չներկայացրին, ուրեմն Աստծո առջև ստախոսներ են:

 

14.        Եթե աստվածային գութն ու բարությունը աշխարհում և հանդերձյալում ձեզ վրա չլինեին, այս սուտն ահավոր պատիժ կբերեր ձեզ:

 

15.        Այն անցավ բերանից բերան: Դուք ասացիք բաներ, որ չգիտեիք և  (զրպարտությունը) թեթև հանցանք համարեցիք, բայց սա Հավիտենականի աչքին մեծ (ոճիր) է:

 

16.        Երբ այդ զրույցը հասավ ձեզ, ինչու՞ չասացիք՝ մենք իրավասու չենք (այդ մասին) կարծիք հայտնել, բայց փառք (Աստծո), դա ակներև զրպարտություն է:

 

17.        Եթե դուք հավատացյալներ եք, Աստված ձեզ արգելում է ևս մեկ անգամ նման հանցանք գործել:

 

18.        Աստված ձեզ բացատրում է  իր պատվիրանները: Գիտուն և իմաստուն է Նա:

 

19.        Նրանք, որ հաճույք են զգում հավատացյալների մասին զրպարտություններ տարածելով,  զարհուրելի պատիժ կկրեն թե՛ այս և թե՛ հանդերձյալ աշխարհում: Ասված ամեն ինչ գիտի, իսկ դուք ոչինչ չգիտեք:

 

20.        Գոհացում տվեք Աստծո բարությանը և գութին:

 

21.        Ո՛վ հավատացյալներ, սատանայի հետքերին մի հետևեք: Նա իր հետևորդներին հրամայում է ապօրինի ու անպատիվ գործեր անել: Եթե Աստված Իր գթությամբ չհսկեր Իր էակների վրա, ձեզանից ոչ մեկն իր անմեղոթյունը պահած չէր լինի: Բայց Աստված մոլորությունից հեռու է պահում իր ընտրյալներին: Աստված ամեն բան գիտի և իմանում է:

 

22.        Ձեր միջի հարուստները և զորավորները թող չասեն, թե այլևս որևէ օգնություն չեն տալու իրենց ազգականներին, աղքատներին և նրանց, ովքեր հավատքի պաշտպանության համար իրենց հայրենիքը թողնում են: Թող գթան նրանց ու բարյացակամ լինեն նրանց հանդեպ: Մի՞թե չեն ցանկանում ստանալ երկնային շնորհները: Աստված գթած և ողորմած է։

 

23.        Նրանք, որոնք զրպարտում են պարկեշտ, խոնարհ ու հավատարիմ կանանց, անիծվելու են այս աշխարհում  և հանդերձյալ կյանքում և չարչարանքների են ենթարկվելու:

 

24.        Այն օրը, երբ նրանց լեզուները, ձեռքերն ու ոտքերն իրենց դեմ վկայություն են տալու:

 

25.        Աստված այդ օրն իրենց ըստ արժանվույն դատելու է նրանց, ու գիտենալու են, որ Աստված բացարձակ ճշմարտությունն է:

 

26.        Անպարկեշտ կանայք ու տղամարդիկ արժանի են իրար: Իսկ առաքինի կանայք ու տղամարդիկ իրար են արժանի: Վերջինները պետք է զերծ մնան չարախոսությունից: Աստված գթալու է նրանց և նրանց տալու է իր շքեղ ընծաները:

 

27.        Ո՛վ հավատացյալներ, մի մտեք օտար տան մեջ՝ առանց թույլտվություն խնդրելու և առանց բարևելու այդ տան բնակիչներին։ Պարկեշտությունն է այդպես պահանջում, դուք պետք է դա իմանաք:

 

28.        Եթե նույնիսկ այդ տանը ոչ ոք չլինի՝ մի մտեք այնտեղ, մինչև թույլ չտան: Իսկ եթե մերժեն, հետ դարձեք: Արդարամտությունն է այդպես պահանջում: Աստված գիտի ձեր արարքների մասին:

 

29.        Բայց դուք կարող եք ազատորեն մտնել հանրային շենքեր, որոնք օգտակար են ձեզ համար: Աստված գիտի ձեր ծածուկ ու բացահայտ գործերի մասին:

 

30.        Պատվիրիր հավատացյալներին իրենց հայացքը խոնարհել ու պարկեշտ լինել: Այդպես ավելի մաքրագործված կլինեն: Աստված վկա է նրանց արարքներին:

 

31.        Կանանց պատվիրիր խոնարհել իրենց աչքերը, ժուժկալ լինել և ցույց տալ իրենց զարդերի միայն այն մասը, որ պետք է երևա: Թող նրանք քողով ծածկեն իրենց կուրծքը, իրենց զարդարանքն ու դեմքը թող ցույց տան միայն իրենց ամուսիններին, հայրերին, ամուսնու հորը, տղաներին, իրենց ամուսնու տղաներին, իրենց եղբայրներին, եղբոր ու քրոջ որդիներին, նրանց կանանց, գերիներին ու այն ծառաներին, որոնք (կնոջ) կարիք չեն զգում, և մանուկներին, որ գաղափար չունեն այն մասին, թե կանանց ինչը պետք է ծածկվի: Չլինի թե իրենց ոտքերը շարժեն այնպես, որ տեսանելի դառնան նրանց քողարկված օղերն ու հրապույրները: Ո՛վ հավատացյալներ, դարձեք առ Աստված, որ երջանիկ լինեք:

 

32.        Ամուսնացրեք ձեր չամուսնացած տղամարդկանց, նաև ձեր սպասավորների ու գերիների միջից ամենախելացիներին: Եթե նրանք աղքատ են, Աստված նրանց կհարստացնի: Նա առատաձեռն է և գիտուն:

 

33.        Նրանք, որոնք հնարավորություն չունեն ամուսնանալ, պետք է պարկեշտ կյանք վարեն, որպեսզի Աստված նրանց շնորհի Իր գթությունը: Երբ ձեր հավատացյալ գերիներից մեկն (ազատության խնդրի) գրավոր հրամանով, շնորհեք նրան ազատությունը: Նրանց տվեք ձեզ տրված բարիքների մի մասը: Ձեր գերի կանանց մի ստիպեք, որ չնչին գումարի դիմաց պոռնկություն անեն, եթե ցանկանում են պարկեշտ ապրել: Եթե ստիպեք նրանց դա անել, Աստված ներելու է նրանց, որովհետև դուք եք նրանց պարտադրել դա անել:

 

34.        Մենք երկնքից ուղարկեցինք լուսավորող պատվիրաններ և լուրեր նրանց մասին, որ եղել են ձեզանից առաջ: Այդ պատվիրանները զգուշացում պիտի լինեն նրանց համար, ովքեր երկնչում են Տիրոջից:

 

35.        Աստված երկինքների ու երկրի լույսն է: Նա լուսավորում է այն կանթեղի նման, որի մեջ լույս է ու այդ լույսը մի ապակու մեջ է, և այդ ապակին ասես փայլուն աստղ լինի, որի լույսը գալիս է օրհնյալ ծառից: Այն ձիթենուց, որ ոչ արևելքից է, ոչ արևմուտքից, (որի յուղը այնքան անաղարտ է ու մաքուր), որ բոցավառվում է կրակը նրան դիպչելուց անմիջապես հետո և միշտ շողարձակ ճառագայթներ է ցոլացնում: Այդ լույսով Աստված առաջնորդում է նրանց, ովքեր հաճելի են Իրեն: Իր գիտությունն անսահման է:

 

36.        Աստված ձեզ թույլ է տվել փառաբանել Իր անունն աղոթավայրերում, հիշել Իր անունը և գիշեր-ցերեկ գովաբանել Իրեն:

 

37.        Այն տղամարդիկ, որ առևտրի կամ գործի ժամանակ չեն մոռանում Աստծո անունը, աղոթում ու ողորմություն են տալիս, վախենում են այն օրից, երբ սրտերն ու աչքերը ահաբեկման են ենթարկվելու:

 

38.        Աստված այն օրը տալու է ձեր արժանիքներին հավասար վարձատրություն և Իր շնորհներով ողողելու է ձեզ: Աստված բաշխում է նրանց, ում ցանկանա, և անհաշիվ կերպով:

 

39.        Անհավատների արարքները նման են այն միրաժին, որ բարձրանում է անապատներում: Ծարավ ուղևորն այնտեղ է վազում ջուր գտնելու հույսով: Բայց ահա պատրանքն անցնում է, երբ մոտենում է: Աստված նենգամիտների արարքների դիմաց փոխհատուցելու է: Նա Իր հաշիվների մեջ ճշգրիտ է:

 

40.        Կամ նման են այն խավարին, որ հանգչում է ծովի անդունդների մեջ՝ կուտակված ալիքների տակ ծածկված: Այդ խավարն այնքան թանձր է, որ այնտեղ մխրճված մարդը դժվարությամբ է  տեսնելու իր երկարացրած ձեռքը: Նա, ով մերժի Աստծո լույսը, կույր կմնա:

 

41.        Չե՞ս տեսնում, որ երկինքներն ու երկիրը միաբերան Հավիտենականի փառքն են հյուսում, ու նաև թռչուններն են փառաբանում են Աստծուն՝, իրենց թևերը տարածելով: Բոլոր էակները գիտեն, թե ինչ երախտիք են պարտք Աստծուն, և Աստված գիտի, թե նրանք ինչ են անում:

 

42.        Երկինքների ու երկրի թագավորությունն Աստծուն է  պատկանում, և (բոլորի) վերադարձն առ Աստված է:

 

43.        Դուք չե՞ք տեսնում, թե Աստված ինչպես է թեթևորեն մղում ամպերը, դրանք միացնում է ու հետո մթնոլորտում կուտակում: Այնուհետև դրանց արանքից անձրև է տեղում: Երկնքից ու սառցակալած ամպերի ստեղծած լեռներից, կարկուտ է ուղարկում և ում ցանկանա կվնասի դրանով և ումից որ ցանկանա կհեռացնի այդ վնասը: Կայծակի լույսը շլացնում է աչքերը:

 

44.        Աստված է, որ ցերեկվան հաջորդել է տալիս գիշերը, և սա հրաշք  է այն մարդկանց համար, որ բանիմաց են:

 

45.        Աստված ջրից ստեղծեց բոլոր կենդանիներին, նրանցից ոմանք իրենց փորի վրա են սողում, ոմանք երկու ոտքի վրա են քայլում, մյուսներն էլ ` չորս ոտքի վրա: Նա ստեղծում է Իր ուզածը, որովհետև ամենակարող է:

 

46.        Մենք ուղարկեցինք լուսավորող այաներ: Աստված իր ընտրյալներին առաջնորդում է փրկության ճանապարհով:

 

47.        Կեղծավորներն ասում են, թե հավատում են Աստծուն ու նրա մարգարեին: Ապա նրանցից մի խումբ այս (խոստովանությունից) հետո վերադառնում է իր մոլորությանը և հավատք չունի:

 

48.        Նրանք Աստծո և մարգարեի վճռին դիմելուց հետո մեծ մասամբ կրկին ընկնում են անհավատության մեջ:

 

49.        Եթե նրանց ճշմարտությունն առաջնորդեր՝ նրանք կշտապեին հավատալ Աստծուն:

 

50.        Նրանց սիրտն ապականվա՞ծ է: Կասկած՞ում են, թե վախենում են, թե Աստված ու Իր մարգարեն անիրավություն կանեն են իրենց նկատմամբ: Ոչ, հիրավի նրանք են անիրավություն անում:

 

51.        Երբ հավատացյալներն Աստծուն և Նրա մարգարեի դատաստանին դիմեն կասեն՝ մենք լսեցինք և հնազանդվում ենք: Նրանք գերագույն երջանկությունն են վայելելու:

 

52.        Ով Աստծո և մարգարեի ձայնին անսա և աստվածավախ ու բարեպաշտ լինի, երանյալաների դասից է լինելու:

 

53.        Հանուն Աստծո երդումներից ամենանվիրականով երդվեցին, որ եթե դու իրենց հրաման տաս, անկասկած (սրբազան պատերազմի համար) դուրս են գալու (իրենց տներից): Ասա.«Մի երդվեք, ձեր հնազանդությունն արդար է: Ամենակարողը կշռում է  ձեր արարքները»:

 

54.        Ասա նրանց. «Հնազանդ եղեք Աստծուն և մարգարեին: Եթե անհնազանդ լինեք, մարգարեն միայն իր գործերի համար է պատասխանատու, ինչպես դուք` ձեր գործերի: Ձեր հնազանդության վարձատրությունն այն է  լինելու, որ դուք լուսավորվելու եք: Մարգարեի առաքելությունը ձեզ դեպի ուղիղ ճանապարհ հրավիրելու մեջ է սահմանափավում»:

 

55.        Աստված նրանց խոստացել է, որ նրանց անպայման կդարձնի իր ժառանգորդը այս երկրում՝ ինչպես  իրենց նախորդներին: Նա խոստանում ամրացնել այն կրոնը, որը սիրում են, նրանց երկյուղները փարատել և մտահոգությունները հանդարտության փոխել: (Որպեսզի) պաշտեն Ինձ, ոչ մեկին Ինձ հավասար չդասեն, նրանք, որ այս նախազգուշացումից հետո համառորեն մնան իրենց անհավատության մեջ, ամբարիշտներ են լինելու։

 

56.        Աղոթեք և ողորմություն տվեք: Հնազանդվեք ձեր մարգարեին , որպեսզի վայելեք երկնային շնորհները։

 

57.        Անհավատը երբեք չի կարողանա աշխարհի վրա ապավեն գտնել մեր վրեժխնդրությունից, և նրանց բնակավայրը դժոխքն է լինելու: Վա՜յ նրանց, որ բոցերի մեջ են գահավիժելու։

 

58.        Ո՛վ հավատացյաներ, ձեր ծառաները, ձեր գերիները և նրանք, որ չափահասության չեն հասել, թույլտվություն պիտի խնդրեն ձեր առաջ կանգնելու: Եվ դա (պետք է  անեն) օրը երեք անգամ՝ առավոտյան աղոթքի ժամանակ, կեսօրին, երբ ձեր զգեստները հանեք, և երրորդ` երեկոյան աղոթքից հետո։ Նրանց կարելի է կանգնել ձեր առջև նաև այլ ժամանակ, եթե դա անհրաժեշտ է: Աստված Իր կամքն է հայտնում ձեզ, Նա գիտուն և իմաստուն է։

 

59.        Երբ ձեր զավակները հասնեն չափահասության տարիքի, կցանկանան ստանալ այն նույն շնորհը, որ դուք վայելում եք ձեր հոր հանդեպ: Ահա այս կերպ է Ասված ներկայացնում Իր պատվիրանները: Գիտուն և իմաստոն է Նա։

 

60.        Այն կանայք, որ այլևս չեն կարող ամուսնանալ, չեն կարող զավակ ունենալ, կարող են հանել իրենց քողը, (պայմանով), որ իրենց զարդարանքները ցույց տալու համար չլինի դա: Ավելի լավ բան կանեն, եթե պահպանեն առաքինությունն ու պարկեշտությունը (և այս թույլտվությունից չօգտվեն): Աստված ամեն բան գիտի և իմանում է:

 

61.        Կույրերին, կաղերին, հիվանդներին ու ձեզ կարելի է ճաշել ձեր տանը կամ հայրերի, մայրերի, եղբայրների, քույրերի, հորեղբայրների, հորաքույրերի, մորեղբայրների, մորաքույրերի կամ այն (տներում), որոնց բանալիները ձեր ձեռքում են, կամ ձեր բարեկամների (տանը)՝ միասին կամ առանձին: Երբ մտնեք տուն, իրար փոխադարձաբար բարևեք և երկնային օրհնությունը հայցեք: Աստված Իր պատվիրանները բացատրում է  ձեզ, որպեսզի հասկանաք:

 

62.        Ճշմարիտ հավատացյալները նրանք են, որոնք հավատում են Աստծուն ու նրա մարգարեին և երբ մի գործով հավաքվեն նրա մոտ, երբեք դուրս չեն գա առանց նրա թույլտվության: Նրանք, որ այս խնդրանքով դիմեն քեզ, ճշմարիտ հավատացյալներ են: Երբ թույլտվություն խնդրեն քեզանից, ում ցանկանաս՝ թույլ տուր և նրանց համար Աստծո գթությունը հայցիր: Նա ողորմած և անհիշաչար է:

 

63.        Մարգարեի հետ մի խոսեք այն, ինչպես խոսում եք ձեր տանը: Աստված գիտի, թե ովքեր են ժողովից հեռանում գաղտագողի: Թող երկյուղեն նրանք, որոնք չեն լսում Իր հրամանները: Չարիքներն ու չարչարանքները պատրաստ են նրանց վրա թափվելու համար:

 

64.        Իմացե՛ք, Աստծուն է պատկանում ամեն ինչ, որ կա երկինքներում  ու երկրի վրա: Նա գիտի, թե ինչ վիճակում եք դուք: Մի օր բոլոր մարդիկ Իր առջև են կանգնելու: Նա ցույց է տալու նրանց արարքները: Աստված գիտի ամեն ինչ:

 

 

Սուրահ «Նուր»


09:10 - 15/11/2017    /    համար : 689989    /    ցուցադրության քանակը : 62