18/12/2018

 

Ադամորդիք մեկը մյուսի մասնիկներն են համարվում, Ստեղծված են բոլորը մեկ նախանյութից աշխարհում, Եթե մարմնի մի անդամը հիվանդանա դիպվածով, Այլ մասերը չեն ունենա առողջ վիճակ ապահով. Եթե լինես ուրիշների տանջանքներին անտարբեր, Ճիշտ չի լինի, եթե կրես մարդ անունը պատվաբեր։ (Սաադի)
Բովանդակություն
Clock
Մեհդի Ախաւան Սալես

Բանաստեղծութիւն՝ Մեհդի Ախաւան Սալես

Խտուտիկ
Հըմ, խտուտիկ,
ասա թէ ի՞նչ լուր ես բերել,
ումի՞ց, ինչի՞ց ու որտեղի՞ց ես լուր բերել,
միշտ էլ լինես աւետաբեր,
սակայն զուր ես շրջում իմ տան ու կտրի շուրջ,
ես վաղուց է, որ չեմ հայցում եւ ոչ մի լուր,
ոչ մի եարից, ոչ ոքուց ու ոչ մի տեղից,
գնա այնտեղ, ուր քեզ արդէն սպասում են
խտուտիկ,
իմ սրտի մէջ խլութիւն է ու կուրութիւն…
Ձեռք քաշիր այս
իր իսկ տանը, հայրենիքում՝ օտար մարդուց
դառն օրերի ու փորձերի դու լրաբեր,
սիրտս ասում է, որ սուտ ես, սուտ…
Խտուտիկ, հըմ… բայց… ախր…
Ճի՞շտ որ քամու հետ հեռացար,
Քեզ հետ եմ, ա՜յ, ո՞ւր չքացար…
Հա, իսկապէս, դեռ ինչ-որ տեղ
նորութիւն կա՞յ,
մնացե՞լ է
կրակների մոխիրը տաք,
օջախի մէջ (չունեմ ոչ մի ագահութիւն)
կայ դեռ ինչ-որ կայծի նշոյլ…
Խտուտիկ,
ողջ աշխարհի
մութ ամպերն են
գիշեր-ցերեկ իմ մէջ լացում…
Պարսկերէնից թարգմանեց՝ Նորվանը
 
Ձմեռ
Բարեւդ անպատասխան է թողնում.
գլուխները օձիքներից չեն բարձրանում՝
բարեւելու կամ տեսնելու դէմքը ծանօթ.
եւ աչքերը ոտքի առջեւն են լոկ տեսնում.
ճամբան մութ է ու սայթաքուն:
Թէ սիրալիր ձեռքդ մեկնես,
տհաճութեամբ այն կը սեղմեն.
մտրակում է ցուրտը սաստիկ£
Ու տաք շունչը դուրս մղւելով կրծքի միջից,
դառնում է ամպ
ու պատանում աչքիդ առջեւ:
Թէ շունչն ա՛յս է,
ուրեմն ի՞նչ ես աչքդ յառել
Հեռու- մօտիկ ընկերների աչքերի մէջ:
Ո՜վ դու ծերուկ մեծահոգի, աստւածավախ,
պատառոտւած աղտոտ շապկով,
եղանակը տմարդօրէն ցուրտ է, ա՜յ,
շունչդ տաք ու սիրտդ զւարթ,
բարեւիս դու պատասխանիր,
դուռը բացիր,
այդ ես եմ, ես,
ամենօրեայ քո հիւրն եմ՝
տխրամած ու տանջւած գնչուն,
այդ ես եմ, ես,
աքացիով դուրս վռնդւած քարն եմ ցաւոտ,
արարչութեան բառն եմ ստոր,
եւ անյարիր մի մեղեդի,
ո՛չ Հռոմից, ո՛չ Հաբեշից,
հէնց այն դժգո՜յն դժգոյնն եմ,
եկ, դուռը բաց, որ տանջահար ու սրտնեղ եմ:
Ո՜վ հիւրընկալ
քո մշտական հիւրն է ահա դռան յետեւ,
ու դողում է ինչպէս ալիքն ովկիանոսի:
Ոչ կարկուտ է ու ոչ էլ մահ,
քամիներն են այս ցրտի հետ վիճում միայն:
Ես այս գիշեր
եկել եմ, որ պարտքս մուծեմ,
ու հաշւիդ գինու թասի կողքին դնեմ,
ի՞նչ ես ասում, թէ ուշ է ու
լուսաբացը մօտ է արդէն,
խաբում է քեզ, այս երկնքում լոյսի նշոյլ անգամ չկայ:
Ո՜վ հիւրընկալ
ապտակում է այս ձմեռը
ու յիշատակ թողնում դէմքիս:
իսկ երկնքի ջահը՝ մարած թէ լուսատու,
թաքնւել է խաւարամած, ստւարախիտ,
մահով պատւած դագաղի մէջ:
Ո՜վ հիւրընկալ
շուտ գնա ու ճրագը բեր,
որ գիշերն ու օրն իրարից չեն տարբերւում:
Բարեւդ անպատասխան է թողնւում,
օդը վշտոտ, դռները փակ,
գլուխները օձիքներում,
Ու ձեռքերը գրպաններում,
շունչերը ամպ,
սրտերը սառն ու տխրագին,
ու ծառերը բիւրեղազարդ մերկ կմախքներ,
ու երկիրը կարծես մեռած,
ու երկինքը երկիր իջած,
լուսին, արեգ փոշեկալած,
ձմեռ է խիստ:
Պարսկերէնից թարգմանեց՝
Նորվանը
«Յոյս» թիւ 144
20 Ապրիլ 2013
   դանլոդ : Akhavan Sales.pdf           ֆայլի ծավալը 274 KB